Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ-դ’ Ազյուր տարածաշրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Միշել Վոզելի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը հայ-ֆրանսիական հարաբերությունները բնորոշել է գերազանց եւ բարձր գնահատել երկու երկրների մարզերի եւ տարածաշրջանների, ինչպես նաեւ բազմաթիվ համայնքների ուղղակի եւ ապակենտրոնացված համագործակցությունը: Այդ համատեքստում նա իր գոհունակությունն է հայտնել Պրովանս-Ալպ-Կոտ-դ’Ազյուր տարածաշրջանի եւ Լոռու մարզի միջեւ ծավալվող համագործակցության կապակցությամբ:

Հայաստանի խորհրդարանի նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել Միշել Վոզելին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային դիրքորոշման եւ այդ գործընթացին իր անձնական ներդրման համար:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումներն Արցախի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:

Հանդիպմանը նաեւ մասնակցել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը: