«Արթիկ» ՔԿՀ-ի վարչական շենքում այսօր` մայիսի 6-ին տեղի է ունեցել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմի դեմ ներկայացրած երկու հայցադիմումների քննությունը: Դատական այս նիստերը, Փաշինյանի բնորոշմամբ, անցել են ոչ թե բաց, այլ կիսաբաց: «Տեսնում եմ, որ քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք, անծանոթներ հենց սկզբից այստեղ են, իսկ իմ բարեկամներին , հարազատներին, ընկերներին ու լրագրողներին արգելում եք ներկա գտնվել նիստին: Նրանք մտնում են ուշացումներով»,- ասել է Փաշինյանն ու հավելել, թե դրսում տեսախցիկներն ու ֆոտոխցիկներն առգրավվել են:

«Ինչո՞ւ չեք թողել, ե՞րբ եք որոշում կայացրել, որ չի կարելի նկարահանել: Հարգելի դատարան, այսօր առաջին նիստն է, Դուք նիստի ընթացքում իրավունք ունեք նման որոշում կայացնելու դատական նիստին ներկա կողմերի կարծիքը հաշվի առնելով»,- նիստի սկզբում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Իսկ դատական նիստի նկարահանումն արգելվել է հենց «Արթիկ» ՔԿՀ-ի մուտքի մոտ: Հսկիչ-անցագրային կետի աշխատակիցների փոխանցմամբ` նման հրահանգ իրենց տրվել է նիստը նախագահող դատավորի կողմից:

Նշենք, որ այսօր նշանակված էր երկու դատական նիստ, երկուսն էլ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումների պահանջով «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմի դեմ:  ՀՀ վարչական դատարան ներկայացրած առաջին հայցադիմումով Փաշինյանը պահանջում է վերացնել Կոշ ՔԿՀ-ի պետի այն որոշումը, որով նրան տեղափոխել են մենախուց: Մյուսով պահանջվում է վերացնել Փաշինյանին տույժի ենթարկելու մասին որոշումը:

Այսօր, սակայն, ըստ էության հայցադիմումների քննություն տեղի չի ունեցել: Փաշինյանը տարբեր ձեւակերպումներով միջնորդել է, որպեսզի պաշտոնապես ապահովվի նիստի տեսանկարահանումը եւ բավարար պայմաններ ապահովեն, որպեսզի հնարավորություն ունենա շփվել փաստաբանի հետ: