«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի «Սուրբ Սարգիս» մատուռում այսօր` մայիսի 6-ին քրեակատարողական ծառայության հոգեւոր տեսուչ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի ձեռամբ եւ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արամ Սարգսյանի աջակցությամբ տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկներում նախադեպը չունեցող արարողություն:

ԱՆ քրեակատարողական վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ դատապարտյալ Արսեն Համբարձումյանը իր կյանքը կապել է Լիլիթ Իսրայելյանի հետ: Քանի որ նրանք մկրտված չէին, Աստծո ավազանում նախ օծվել են սուրբ մկրտությամբ, ապա տեղի է ունեցել պսակադրության արարողությունը:

Պսակադրությանը մասնակցել են նաեւ նորապսակների հարազատները, որոնք արարողությունից հետո, տոնական սեղանի շուրջ, իրենց բարեմաղթանքներն են հղել նորապսակներին:

Հայաստանի ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը նորապսակներին նույնպես աննախադեպ ընծա է արել. յոթ օր կարճաժամկետ մեկնում է տրամադրվել Արսենին` ըստ էության որպես հետ ամուսնական արձակուրդ:

Դատապարտյալ Արսեն Համբարձումյանի պատժի կրման օրացուցային ավարտին մնացել է շուրջ երկու տարի: