Երեւանում` այսօր` մայիսի 6-ին տեղի ունեցավ  Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի եւ  Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի կողմից ստեղծված WhoCares  խմբի ձայնասկավառակի  շնորհանդեսը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը  կփոխանցվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման հիմնադրամին: Շնորհանդեսին ներկա էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ուրախությամբ նշեց, որ «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագիրը շարունակվում եւ նոր զարգացումներ է ստանում: Նախագծին միացավ նաեւ «Օրանժ-Արմենիան»` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման հիմնադրամին փոխանցելով 15,000 եվրո:

Ձայնասկավառակում ներկայացված են 2 նոր երգեր` Օut of my mind եւ Holy water-ը, Օut of my mind երգի տեսահոլովակը եւ Մեդիամաքսի Picture of home վավերագրական ֆիլմը` Իէն Գիլանի և Հայաստանի կապի մասին: Այն հասանելի է CD և վինիլային կրիչներով, ինչպես նաև կարող է բեռնվել աշխարհի առաջատար օնլայն խանութներից:

«Ռոքի սիրահարները շատ սպեցիֆիկ մարդիկ են Հայաստանում և արժանի են աջակցության»,-ասաց վարչապետը` հավելելով, որ պատրաստվում են անցկացնել նաև «Ռոքն`ընդդեմ ցեղասպանության» համերգների շարքը:

Նշենք, որ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի խորհրդանիշը  Deep Purple-ի Smoke on the water երգն է:

Լուսանկարը՝ Mediamax News Agency