«Սինոփսիս Արմենիայում» այսօր` մայիսի 6-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը հանդիպել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի հաղթողների ակումբի անդամների հետ եւ խորհուրդ տվել համարձակ ու ազնիվ լինել կյանքում:
«Հաղթողի անունը պարտավորեցնող է: Նախագահի մրցանակակիր դառնալուց հետո պետք է անտարբեր չլինեք, պետք է չվախենաք: Պետք է խոսել նաեւ այն ժամանակ, երբ պաշտպանելը դժվար է»,- ասել է Վ. Սարգսյանը:
Նա հայտարարել է, որ Հայաստանում տեղեկատվական հեղափոխությունն իրականություն է դարձել. հասարակությունը տեղեկատվություն սպառողից դարձել է տեխեկատվություն տրամադրող: Նրա խոսքով, ներկա իրավիճակում, երբ տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներ գոյություն ունեն, ֆիլտրեր են անհրաժեշտ, «այլապես հասարակությունը կկործանվի տեղեկատվության վատ հոսանքի մեջ»:
Նշենք, որ ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւը «Սինոփսիս Արմենիայի» եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ իրականացվող մրցանակաբաշխություն է, որին մասնակցում են հայաստանյան բուհերի ու վարժարանների ուսանողներն ու աշակերտները:
Մրցանակները շնորհվում են հետեւյալ անվանակարգերում. Գլխավոր մրցանակ, Լավագույն ասպիրանտ, Լավագույն մագիստրանտ, Լավագույն բակալավր, Լավագույն սփյուռքահայ ուսանող, Լավագույն ուսանողուհի, Լավագույն աշակերտ: Մրցանակաբաշխությունն իրականացվում է 2005 թվականից: Անցած 6 տարիների ընթացքում ՏՏ ոլորտի 158 լավագույն ուսանողներ եւ աշակերտներ արժանացել են այս պարգեւին:





























