«Անցած շաբաթ ԵԽԽՎ աշնանային 4-րդ նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ քննարկումներ չեղան հայ-թուրքական արձանագրությունների պատճառով, քանի որ դրանք հենց սկզբից ողջունվել են եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»,- հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքերով, մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցին անդրադարձ է կատարվել ընդամենը 5 րոպեով. այդ ժամանակ ինքը, սակայն, դահլիճում չի եղել։ Այնինչ մինչ այդ 46 էջանոց մի զեկույց է պատրաստված եղել Թուրքիայում ապրող հայ փոքրամասնության իրավունքների մասին, որն այդպես էլ չի ներառվել քննարկումների օրակարգում։ Փոխարենը քննարկվել է մարդու իրավունքների կոնվենցիային կից մի լրացուցիչ արձանագրություն, որը վերաբերել է ԵԽԽՎ անդամ երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերին։
Հայտարարելով, որ «մարտի 1-ի բեռը ներկայիս իշխանությունների ուսերին է»՝ Ժառանգության պատգամավորը բնական համարեց Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության հետեւանքները։ Նրա համոզմամբ, նախագահին Սփյուռքում չէին սպասում եւ պետք է դիմավորեին այնպես, ինչպես դիմավորեցին, օրինակ, Փարիզում։
Նշելով, որ այս տարի լրանում է Եվրոպայի խորհրդի 60 ամյակը, Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ, ցավոք, անգամ նման կառույցում դեռեւս խնդիրներ կան։ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի ընտրությունները, որոնց նա չի մասնակցել եւ որոնց արդարացի լինելու հետ այնքան էլ համամիտ չէ, ԱԺ պատգամավորը համարեց այդպիսիններից մեկը։
Նա նաեւ անդրադարձ կատարեց փաստին, որ ԵԽԽՎ-ում իրեն ընտրել են որպես մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, եւ արդեն նոյեմբերի 18-ին ինքը կարող է լիարժեք կերպով մասնակցել կառույցի աշխատանքներին։




























