ԲՀԿ-ի և իր առաջնորդի նկատմամբ տեղի է ունենում կոշտ, բիրտ քաղաքական հետապնդում: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտարարեց «Քաղաքացիական ուղի» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը` նշելով, որ այս ամեն ինչը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսվեց «ֆեյք նյուզի» տարածմամբ:
«Բազմաթիվ մարդիկ գիտեն, որ մեր երկրում բոլոր ընտրություններում եղել են բաժանվող ընտրակաշառքներ, բոլորը դրա մասին խոսել են, սակայն դրա հիմնավորող որևէ փաստ չի եղել: Նիկոլ Փաշինյանը, ունենալով պետական լծակները, գործարկեց «ֆեյք» պրոցես, որի հիմնական առանցքային մասը կրում էր կեղծ ինֆորմացիայի տրածումը: Հիշում եք Մանվել Գրիգորյանի տուշոնկաների հայտնի վիդեոն, ուղղակի Գագիկ Ծառուկյանի վրա չկա տուշոնկաների վիդեոն, դրա համար սա սարքեցին»,- ասաց նա:
Նրա խոսքով` ըստ էության, կեղծ փաստաթուղթ են սարքել:
«Ֆոտոշոփ են արել փաստաթղթեր, ինչ-որ իքս թվեր են գրել, էնպես են սարքել, որ որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ դա Գագիկ Ծառուկյանն է արել, ապա բռնել են տարբեր տեղերից մարդկանց, որոնց անունը կա այդ թղթում, ստիպել են ցուցմունք տալ, ու արդեն այդ թղթի կեղծ լինելը լվացվել է: Ու այդպիսով այդ թուղթը դարձել է բոլորիս համար ընկալելի փաստ, որ այո, կա նման բան, եղել է ընտրակաշառք` այս մարդկանց միջոցով, սա էլ էդ մարդկանց ցուցմունքը: Կարճ ասած՝ ցիրկ, որ կարող են անել ցանկացածիս մասով»,- ասաց նա:





























