Վստահաբար, որեւէ մեկի համար հասկանալի չէ այս արհեստական օրակարգն ու դրա հիմնավորումները, սակայն ավելի քան պարզ է, որ այսօրվա քննարկվող հարցը անցյալում թույլ տրված ապօրինությունների ու կեղծիքների հետեւանքն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, ԱԺ ամբիոնից ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր դաշտում գործող ուժերի կողմից՝ գործող կառավարությունը փոխելու վերաբերյալ հայտարարություններին։

«Վերջիններս շարունակելու են մեզ ուղեկցել այնքան ժամանակ, մինչեւ անցյալի էջը փակելու վերջնական լուծում չգտնենք, իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ այսօրվա իշխանությանը գոնե թե բովանդակային առումով հակակշռող ընդդիմություն։ Ընդդիմադիրի կարգավիճակ ձեռք բերած ուժերը հավանաբար դեռեւս չեն գիտակցում, որ տեղի ունեցած հեղափոխության ընթացքում ձեւավարված կառավարությունն ու դրա ղեկավարն ունեն բացառիկ լեգիտիմություն, իսկ հեղափոխությունը չի կատարվել 1 կամ 2 ամսում, գործընթացը նոր թափ առավ դեռեւս հոկտեմբերի 27–ի շեղադարձային դեպքերից հետո ընդդիմադիր շարժումների տեսքով , կեղծված ընտրությունների ու շարունակական ապօրինությունների հետեւանքով։ Հեղափոխությունն իրականացրած սերունդը։ Դժվար չէ նկատել, որ հակառակ պետության շահի շարունակաբար խառնակչությամբ է զբաղվում ուղղորդվող մի համակարգ, որի գործունեությունը սպառնալիք է Հայաստանի անվտանգության համարԱկնհայտ է, որ որոշակի հետեւողական միջնորդությունների արդյունքում այս համակարգը կենսունակ հնարավորություն է ունենալու թափանցել քաղաքական դաշտ, ինչը թույլ տալ չենք կարող։ Այժմ հանրության շրջանում կշիռ ունեցող ընդդիմադիր ուժ ձեւավորելու համար, նախկին շատ կարճ քաղաքական կյանք ունեցած պաշտոնյաները պետք է որոշակի կենսագրություն եւ հետագիծ ունենան, բնականաբար ոչ չեկիստական ուղղվածությամբ։ Ցավով պետք է նշեմ, որ այսօրվա կեղծ օրակարգում իրենց հաստատուն տեղը գտած գործիչներից մի քանիսը նախկինում եղել են իրական ընդդիմադիր շարքերում եւ պայքարել են այս փոփոխությունների համար, իսկ հիմա գործում են ի վնաս դրանց»,– ասաց նա։