Ասում եմ` ուր էիք դուք, երբ Սերժ Սարգսյանի նախագահականի պարիսպների մոտից քարշ էին տալիս սեւազգեստ մայրերին: Այս մասին այսօր` հունիսի 16-ին,  ՀՀ ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ-ականներին անդրադառնալով նրանց հնչեցրած մեղադրանքներին:

«Ասում էիք` ուր էինք մենք, երբ 2 օր առաջ ԱԺ կին պատգամավորներ էին հեռացվում փողոցի բանուկ մասից: Ասում եմ` ուր էիք դուք, երբ Սերժ Սարգսյանի նախագահականի պարիսպների մոտից քարշ էին տալիս սեւազգեստ մայրերին, այ էստեղ էիք (ցույց է տալիս Սերժ Սարգսյանի հետ ԲՀԿ-ականների լուսանկարը), Մարտի 1-ից առաջ նախագահական ընտրություններին ստացաք 300 հազար քվեն փաթեթով նվիրում էիք ՀՀԿ-ին, հետո կոալիցվում եւ ՀՀԿ-ի մոտ ժամավճարով ընդդիմություն, ավելի ճիշտ այլընտրանք աշխատում, այ էստեղ էիք (մեկ այլ լուսանկար է ցույց տալիս): Սերժ Սարգսյանին ադամանդակուռ շղթայով հովազ էիք նվիրում, ի միջի այլոց, էս հովազը հայտարարգրված չի, կամ դուք եք կեղծել հովազը, կամ Սերժ Սարգսյանը հայտարարագիրը»,-ասաց նա;

Արեն Մկրտչյանը նշեց, որ իրենք արժեքաբանական առումով անհամատեղելի են. «Որովհետեւ մենք կազինոներ եւ ցեմենտի գործարաններ չունենք, սարի գլխին դղյակ, դղյակի գլխին դղյակ,  դղյակի գլխի դղյակին «Բենթլիներ»-ով եւ «Ռոյլս-Ռոյլս»-երով լի գարաժներ չունենք, մեր տներում արջերի լեշեր չունենք փռած, բա ժողովուրդը սոված  է: Իրար հետ  հանդիպելու եւ պայմանավորվելու բան չունենք, քանի որ մենք նատառաճանաչ դեգեներալներ ու սավանաններում սատկած առյուծներ քշող չենք: Ասում եք` մեր հեղափոխության վերջը եկել է, որ 7 տոկոս ձայն էլ չունենք, ծանոթ պատմություն է,  էդ 7 տոկոսի մասին 2018 թվականին ուրիշ խոսացող էլ կար, երբ փողոցները փակում էր ժողովուրդը, իսկ ժամեր առաջ ժողովուրդը բացում էր փողոցները Մուլտի գրուպի կամզներից ու ավտոբուսներից: Եկել, մեզ ասումա եք, պատասխան եք տալու, օրեր մնաց, ժամեր մնաց, ժողովուրդը տեսել է` ինչպես եք մինչեւ վերջ գնում  2015 թվականին  ու ինչպես ենք մենք մինչեւ վերջ գնում 2018 թվականին: 2018 թվականի ապրիլի 12-ին Պտղնիում Երեւան քայլելու նախորդ օրը հեղափոխական թիմով իրար երդում ենք տվել, այդ երդումը ուժի մեջ է հիմա եւ վաղը: Եթե դուք մինչեւ վերջ գնացող եք` մենք էդ վերջում կանգնած ենք, եկեք` տեսնենք` ով եք: Սա բացառապես  իրավական գործընթաց է եւ պետք է ունենա միմիայն իրավական գնահատական: ՀՀ քրեական օրենսգիրքը դառնալու է բոլոր կոռուպցիոներների սեղանի գիրքը` Աստվածաշունչը: Ժողովրդի քվեն աճուրդի հանողները պետք է արեւը տեսնեն վանդակավոր»,-ասաց նա: