ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 44-ամյա տղամարդու  կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի 44-ամյա բնակիչը, չունենալով թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու թույլտվություն, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել եւ 2018թ. օգոստոսի 16-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի տներից մեկում ծանոթին ապօրինի իրացրել է զգալի չափի «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: