Հունիսի 19-ը նշվում է Կոնֆլիկտի պայմաններում սեռական բռնության դեմ պայքարի միջազգային օրը (International Day for the Elimination of Sexual Violence in Conflict): Այս ամսաթիվը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2015 թվականի հունիսի 19-ի NA/RES / 69/293 որոշմամբ՝ տարբեր կոնֆլիկտների պայմաններում սեռական բռնության խնդրին լրացուցիչ ուշադրություն գրավելու համար՝ եւ՛ միջազգային, եւ ՛ ներքին (քաղաքացիական պատերազմներ), անկախ նրանից, թե ինչ բնույթ են դրանք կորում՝ քաղաքական, կրոնական, թե ազգային, հայտնում է Calend-ը:
Ամսաթիվն ընտրվել է ի պատիվ 2008 թվականի հունիսի 19-ին Անվտանգության խորհրդի 1820 (2008) բանաձեւի ընդունման, որում խորհուրդը դատապարտել է սեռական բռնությունը՝ որպես պատերազմի մարտավարություն եւ խոչընդոտ խաղաղության հաստատման ճանապարհին:
Միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի անդամ պետությունների խնդիրն է հնարավոր օժանդակություն տրամադրել նման հակամարտությունների կանխարգելմանը, եւ դրանց առաջացման դեպքում՝ դրանց հնարավորինս արագ տեղայնացմանն ու դադարեցմանը: Հակամարտությանը վերջ տալու խնդիրներից բացի, լուծվում են հարակից մի շարք խնդիրներ: Դժբախտաբար, սեռական բռնության խնդիրը շարունակում է մնալ այդպիսի խնդիրներից մեկը նույնիսկ 21-րդ դարում, որտեղ զոհ են դառնում մարդկանց նվազագույն պաշտպանված կատեգորիաները՝ կանայք եւ աղջիկները:
«Կոնֆլիկտի պայմաններում սեռական բռնություն» տերմինը ներառում է բռնաբարությունը, սեռական ստրկությունը, հարկադիր մարմնավաճառությունը, հարկադիր հղիությունը, հարկադիր աբորտը, հարկադիր ստերիլիզացումը, հարկադիր ամուսնությունը եւ ցանկացած այլ սեռական բռնությունը կանանց, տղամարդկանց, աղջիկների կամ տղաների նկատմամբ, ովքեր ուղղակի կամ անուղղակի առնչություն (ժամանակային, տարածական կամ պատճառահետեւանքային) ունեն կոնֆլիկտի հետ:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային իրավունքի ոլորտներից մեկը միջազգային մարդասիրական իրավունքն է: Սա այս համակարգում հատուկ ոլորտ է, որը իրավական նորմերի մի շարք է, որոնք կարգավորում են, ավելի ճիշտ, պաշտպանում են մարդու իրավունքները պատերազմների, ռազմական գործողությունների եւ բախումների ժամանակ: Այն նաեւ կարգավորում է պատերազմի հիմնական սկզբունքներն ու մեթոդները հակամարտության մեջ մասնակցի կարգավիճակի հայեցակարգի ներդրման եւ դրա իրավական կարգավիճակի ամրագրման, որոշակի տեսակի զենքերի օգտագործման արգելքի միջոցով եւ այլն:
Հաագայի եւ Ժնեւի կոնվենցիաները, 1977-ի Լրացուցիչ արձանագրությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի բանաձեւերը միտված են պաշտպանելու մարդու իրավունքները պատերազմի ժամանակ կամ մարտական գոտիներում: ՄԱԿ-ը հատուկ ուշադրություն է դարձնում պատերազմների ժամանակ սեռական բռնության խնդրին: Չնայած մարդու նկատմամբ բոլոր տեսակի բռնություններն արգելող միջազգային փաստաթղթերի ստորագրմանը, այդ թվում՝ սեռական բնույթի, կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության դեպքերը դեռ տխուր փաստ են որոշ երկրներում, ինչպես նաեւ՝ գրեթե ցանկացած ռազմական հակամարտության գոտում: Ավելին, սեռական բռնության պրակտիկան որպես պատերազմի ընթացքում ահաբեկման մարտավարություն է օգտագործվում մի շարք պետություններում: Մերձավոր Արեւելքում ակտիվացած ահաբեկչական կազմակերպությունները նույնպես լայնորեն կիրառում են սեռական բռնության, չարաշահման եւ սեռական ստրկության փորձը:





























