ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսությունների «անջատման» տարբերակը դեռեւս սեղանին է, փոխանցում է The Hill-ը:

Անջատման տակ նկատի է առնվում երկու երկրների փոխկապակցված տնտեսությունների եւ մատակարարումների շղթաների անջատումը, ինչը կհանգեցնի  լուրջ տնտեսական վերակառուցման:

«Անկասկած, ԱՄՆ-ն պահպանում է քաղաքական տարբերակը՝ տարբեր պայմաններում Չինաստանից ամբողջությամբ անջատվելու համար»,- թվիթերյան իր էջում նշել է Թրամփը:

ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհիզերն ավելի վաղ ցուցմունքներ էր տվել  Ներկայացուցիչների պալատի ճանապարհների եւ միջոցների հարցերով կոմիտեում՝ նշելով, որ ինքը հնարավոր չի համարում ամբողջական անջատումը, չնայած հանդես է գալիս Միացյալ Նահանգներում մատակարարումների շղթաների վերադարձման օգտին:

«Կարծո՞ւմ եմ արդյոք, որ դուք կարող եք Միացյալ Նահանգների տնտեսությունն անջատել Չինաստանի տնտեսությունից: Ոչ: Կարծում եմ, որ դա քաղաքականության տարբերակ կլիներ շատ տարիներ առաջ: Չեմ կարծում, որ այդ քաղաքականությունն այս փուլում ողջամիտ է»,- ասել էր նա: