ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները դեմ հանդես կգան դեմոկրատների առաջարկած ոստիկանության մասին օրինագծի ընդունմանը: Նախագահը համապատասխան գրառումը տեղադրել է Twitter- ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դեմոկրատները Պալատում ցանկանում են այս շաբաթ օրինագիծ ընդունել, որը կկործանի մեր ոստիկանությունը: Հանրապետական կոնգրեսականները, ամենայն հավանականությամբ, կտրականապես կդիմադրեն դրան,- ասել է Թրամփը:- Մենք պետք է պաշտպանենք մեր ոստիկանությունը, նրանք ապահովում են մեր անվտանգությունը»:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովը հունիսի 17-ին հաստատել էր Դեմոկրատների առաջարկած օրինագիծը, որը նպատակ ունի լայնածավալ բարեփոխումներ իրականացնել ոստիկանությունում՝ ի պատասխան երկրում զանգվածային բողոքների: Նախաձեռնությանն աջակցել է 24 կոնգրեսական, դեմ է քվեարկել 14-ը:
Օրինագիծը, մասնավորապես, արգելում է իրավապահներին խեղդող հնարքներ կիրառել, ազգային տվյալների բազա է ստեղծում ոստիկանության կողմից ոչ օրինաչափ գործողություններին հետեւելու համար, ինչպես նաեւ արգելում է որոշ դեպքերում ձերբակալության մասին հրաման տալ, որոնք ոստիկաններին թույլ են տալիս առանց նախազգուշացման տուն ներխուժել: Առաջարկվող բարեփոխման շրջանակներում իրավապահների պատասխանատվությունը մեծանում է,այդ թվում՝ կասկածյալների նկատմամբ բռնության եւ կամայականությունների համար:
Թրամփը հունիսի 16-ին հրամանագիր էր ստորագրել ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ, որում առաջնահերթություն է տրվում իրավապահ մարմինների աշխատակիցների վերապատրաստման համար դաշնային դրամաշնորհների տրամադրմանը՝ ոստիկանների կողմից կոնֆլիկտների խաղաղ լուծման պրակտիկայի կիրառման խթանման նպատակով: Ընդ որում, իշխանությունները կքննեն ոստիկանության կողմից ուժի կիրառման վերաբերյալ բողոքները: Նորամուծությունները կոչված են բարելավելու տեղեկատվության փոխանակումը պետական գերատեսչությունների միջեւ, որպեսզի այդ թվում նաեւ աշխատանքի չընդունել մարդկանց՝ առանց կենսագրության լիարժեք ստուգման:





























