2003-ի մարտին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունեց 57/277 բանաձեւը, որով հունիսի 23-ը հռչակվեց որպես Միացյալ Ազգերի Կազմակերպության պետական ծառայության օր (United Nations Public Service Day)։ Այդ օրվանից այն նշվում է ամեն տարի, գրում է Calend.ru-ն։

«Բոլոր երկրները եւ բոլոր մարդիկ կարիք ունեն պետական ծառայության, որը պետք է լինի իրավասու, հագեցած եւ ռեսուրսներով ապահովված: Պետական ծառայությունը պետք է լինի բազմազան եւ բարոյական: Դրա նպատակը պետք է լինի արդյունավետ ծառայել մարդկանց եւ բարելավել հասարակության ամենաաղքատ ու խոցելի անդամների կյանքը»,- ասված է ՄԱԿ-ի 8-րդ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձում:

ՄԱԿ-ը անդամ պետություններին կոչ արեց այդ օրը կազմակերպել հատուկ միջոցառումներ, որոնք կլուսաբանեն պետական ծառայության նշանակությունն ու ներդրումը հասարակության զարգացման գործընթացում, կատարել պետական ծառայողների պարգեւատրումներ, ինչպես նաեւ երիտասարդության հետաքրքրություններն ուղղորդել դեպի պետական ծառայողի կարիերա անելու որոշման ընդունումը։ 

Ավանդույթի համաձայն, այդ օրն անցկացվում է ՄԱԿ-ի պետական ծառայության համաժողով, կազմակերպվում են տոնական եւ հատուկ միջոցառումներ, ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ի կողմից պարգեւատրումներ՝ պետական ծառայության զարգացման գործում ունեցած ավանդի համար։

2003 թվականից նման պարգեւատրման են արժանացել 82 երկրից ներկայացված 250 նախաձեռնություններ, որոնք վերաբերել են սահմանափակ կարողություններով երեխաների վաղ ախտորոշման եւ նրանց ունակությունների զարգացման, գենդերային հավասարության առաջընթացի, դեղագործության եւ առողջապահության ասպարեզում ծառայությունների բարելավման եւ մի շարք այլ ոլորտներին։