«Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանի կողմից ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 221.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը յուրացնելու եւ ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու ենթադրյալ դեպքով հարուցված քրեական գործն ու Ամիրյանին առաջադրված մեղադրանքը հնարածին են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ամիրյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։

«Լիահույս ենք, որ  նախաքնության մարմինը հնարավորության սահմաններում, մի փոքր օբյեկտիվ պետք է գնահատական տա։ Հարուցված այդ քրեական գործը հեռանկար չունի»,- ասաց Բաղդասարյանը։

Նա նշեց, որ Ամիրյանին մեղսագրվում է մի արարք, որը բացարձակ կապ չունի իր վստահորդի հետ. «Պետական լիազոր մարմնի կողմից է այդ գործառույթն իրականացվել»։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ՔԿ-ն հաղորդագրության՝ Նազիկ Ամիրյանը 2003թ. մարտի 12-ին իր մտերիմի անվամբ հիմնադրել է փաստացի իրեն պատկանող ՍՊ ընկերություն, որից հետո վերջինս որպես ֆիզիկական անձ մասնակցել է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հայտարարված աճուրդին եւ աճուրդի արդյունքներով ճանաչվելով հաղթող՝ 2003թ. հունիսի 28-ին կնքված առուվաճառքի պայմանագրով, շուկայականից էականորեն ցածր գնով գնահատված՝ 8.318.880 ՀՀ դրամով, ձեռք է բերել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող 9263,32 քմ տարածքով արդյունաբերական արտադրամասը:

Ամիրյանը նույն եղանակով՝ 547.500 ՀՀ դրամով ձեռք է բերել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող 86 անվանում անշարժ եւ շարժական գույքերը: Հետագայում, 8.866.380 ՀՀ դրամով ձեռք բերված գույքը գնահատվել է 221.970.000 ՀՀ դրամ եւ ներդրվել է Նազիկ Ամիրյանին պատկանող ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում:

Նազիկ Ամիրյանի՝ վերոնշյալ գործողությունների արդյունքում ընկերությունում ստեղծվել են անվճարունակության հատկանիշներ՝ իրականում 221.970.000 ՀՀ դրամ արժեքով գույքի օտարումը ընկերությունից իրականացվել է ընդամենը 8.866.380 ՀՀ դրամով, փաստացի տարբերությունը կազմող միջոցները ստացվել են դրա 80% բաժնեմասի սեփականատեր Նազիկ Ամիրյանի անձնական ֆոնդում, այլ ոչ թե ընկերությունում, որի հետեւանքով ընկերությունը դատարանի 29.12.2003թ. վճռով ճանաչվել է անվճարունակ, իսկ ընկերությանն ու ընկերության պարտատերերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 213.103.620 ՀՀ դրամի վնաս:

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով եւ 193-րդ հոդվածով (կանխամտածված սնանկությունը) նախատեսված արարքներ առերեւույթ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: