Քրանսթոն քաղաքի ոստիկանությունը ավարտել է ԽՄԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդու՝ Սերգեյ Խրուշչովի մահվան հանգամանքների հետաքննությունը։ Իշխանությունները մտադիր չեն որեւէ մեկին մեղադրանք ներկայացնել դեպքի կապակցությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է քաղաքի ոստիկանական վարչության ներկայացուցիչը։

«Ես կարող եմ հաստատել, որ մենք ահազանգ ենք ստացել այն մասին, որ տղամարդը հրազենային վնասվածք է ստացել գլխին: Մենք արձագանքել ենք դրան: Սերգեյը գտնվել է մահացած»,- ասել է նա: «Զանգը ստացել ենք նրա կնոջից: Մենք անցկացրել ենք մանրամասն հետաքննություն: Այս պահին չի նախատեսվում որեւէ մեկին հանցագործության մեղադրանք առաջադրել: Գործը փակված է»,- պարզաբանել է ոստիկանը:

Ոստիկանության ներկայացուցիչը հրաժարվել է պարզաբանել՝ Խրուշչովը ինքնասպանություն է գործել, թե դժբախտ պատահար է տեղի ունեցել: «Մենք այդ տեղեկատվությունը չենք հրապարակում բացառապես ընտանիքի հանդեպ հարգանքից ելնելով»,- ասել է նա: Ոստիկանը նշել է, որ Ռոդ Այլենդում օրենքները թույլ են տալիս բնակիչներին տանը հրազեն պահել:

Սերգեյ Խրուշչովը մահացել է հունիսի 18-ին, Քրանսթոնում, կյանքի 85-րդ տարում: Դատաբժշկական փորձաքննության տեղական բյուրոյի ներկայացուցիչ Ջոզեֆ Ուենդելքենը ասել է, որ Խրուշչովի մահվան պատճառը գլխին հրազենային վնասվածքն է եղել: Ըստ նրա, առկա տեղեկության համաձայն, «խոսքը հանցագործության մասին չէ»։