Այսօր Մոսկվայի Մեշչանսկի դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ռեժիսոր Կիրիլ Սերեբրենիկովի «Յոթերորդ ստուդիայի»՝ «Պլատֆորմա» թատերական նախագծի իրականացման ժամանակ 129 մլն ռուբլու յուրացման գործով անցնող երեք ֆիգուրանտների նկատմամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Յուրի Իտինը, Կիրիլ Սերեբրենիկովը, Ալեքսեյ Մալոբրոդսկին յուրացում են կատարել»,- դատավոր Օլեսյա Մենդելեեւան ընթերցել է դատավճռի ներածական մասը: Ամբաստանյալների համար սահմանված պատիժը դատարանը կհրապարակի դատավճռի եզրափակիչ մասում: Դատավորը միաժամանակ դատավճռի ներածական մասում չի նշել գործով չորրորդ ֆիգուրանտի՝ Մշակույթի նախարարության նախկին աշխատակից Սոֆյա Ապֆելբաումի մեղավորությունը:

«Սերեբրենիկովը իրականացրել է հանցավոր սխեմայի ընդհանուր ղեկավարումը»,- հրապարակել է Մենդելեեւան՝ ընթերցելով դատավճիռը: Ըստ դատավճռի՝ Սերեբրենիկովը եւ «Յոթերորդ ստուդիայի» երկու պրոդյուսերներ Իտինը եւ Մալոբրոդսկին ներկայացրել են ֆինանսավորման ուռճացված հայտեր եւ հատկացված միջոցները յուրացրել: «Հանցավոր խումբը կրել է կայուն բնույթ եւ գործել բյուջեի միջոցների յուրացման նպատակով»,- եզրակացրել է դատարանը:

Պարզվել է նաեւ, որ Սոֆյա Ապֆելբաումը անտեղյակ էր փողը գողանալու մյուս ամբաստանյալների ծրագրերի մասին: «Ապֆելբաումն իրազեկված չէր հանցավոր մտադրություններին եւ տեղի ունեցողի հանցավոր բնույթին»,- հայտարարել է Մենդելեեւան: