Արդեն վաղուց հակասահմանադրական պրոցես է սկսվել եւ դա շարունակվում է: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց չկայացած սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի կողմի ներկայացուցիչ Արմեն Գալստյանը անդրադառնալով ԱԺ կողմից սահմանադական փոփոխությունների գործընթացին, որի արդյունքում ՍԴ երեք անդամների լիազորություններ դադարեցվել են, իսկ Հրայր Թովմասյանն էլ զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից:
Հարցին, թե եթե այս գործընթացը հակասահմանադրական է, արդյոք պատասխանատվության պետք է ենթարկվեն ԱԺ 89 պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել այդ նախագծին, նա պատասխանեց. «Այստեղ հարցերը շատ են: Իմ կարծիքով ապագայում քննչական մարմինները իրենց կարողությունները մեծացնելու խնդիր են ունենալու հենց այս այս տիպի հանցագործությունների քննության ոլորտում, որպեսզի կարողանան քննել այնպիսի հանցագործություններ, ինչպիսին սահմանադրական կարգի տապալումն է, այդ հոդվածն ավելի խորը մեկնաբանեն: Ես կարծում եմ՝ քննչական մարմինները հետագայում կտան իրենց գնահատականները: Հիմա այդ մասին խոսելը վաղ է, պարզապես ամեն մի պատգամավոր իր պատասխանատվության բաժինը պետք է զգա, եւ հասկանա, որ իր քայլերը որոշակի իրավական հետեւանքներ են ենթադրում: Իրենք դա հստակ հասկացել են»:
Դիտարկմանը, որ եթե սահմանադրական փոփոխությունները ուղարկվեին ՍԴ, շահերի բախման խնդիր էր առաջանալու, քանի որ խոսքը հենց ՍԴ անդամների մասին է, Արմեն Գալստյանն ասաց. «Իրավական պետության եւ իրավակարգի հիմքը ընթացակարգերի մեջ է: Ո՞վ է տվել լիազորություն որեւէ մարմնի , որը քննարկի՝ արդյոք պե՞տք է դիմել ՍԴ, թե ոչ: Որեւէ մեկն ունի՞ իրավունք որոշելու՝ դիմել ՍԴ, թե ոչ: Ես կարծում եմ, որ Սահմանադրությամբ այդ իրավասությունը որեւէ մեկին տրված չէր: Իրենք պարտավոր էին գործն ուղարկել ՍԴ, շեղվելով այս կանոնից մենք ունենում ենք հակասահմանադրական նախագիծ, օրենք: Եթե սահմանված ընթացակարգը որեւէ կետում խախտվում է, այդ ընթացակարգը դառնում է գյություն չունեցող: Հետեւաբար, ես խիստ վերապահումով եմ մոտենում այն օրենքին, որն ընդունվել է ԱԺ-ում օրեր առաջ, որովհետեւ այն չի անցել սահմանված ընթացակարգով»:
Նա նաեւ օրինակ բերեց. «Դիցուք, մեկը որոշեր, որ այսուհետ օրենքները կառավարությունն է ընդունում: Կառավարությունն ընդուներ մի ակտ, բերեր ԱԺ նախագահը հրապարակեր պաշտոնական տեղեկագրում, պետք է ասեինք, որ այդ օրենքը գործո՞ւմ է: Նույն բանն է տեղի ունեցել: Այստեղ նաեւ իշխանության յուրացում կա, քանի որ ՍԴ-ին հնարավորություն չեն տվել իրականացնելու իր լիազորությունը»:
Արմեն Գալստյանը խոսեց նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասին. «Ես այսօր լսում էի Վահե Գրիգորյանի հարցազրույցը եւ վրդովված էի, որ նա մինչեւ հիմա պատասխանատվության չի ենթարկվել մեկ տարի ՍԴ նիստերին չմասնակցելու համար: Մեր ՍԴ-ն պետք է իրականացրած լիներ: Ես ՍԴ-ին մեղադրում եմ սկզբունքայնության պակասի մեջ, որ ունենալով պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը, չի ենթարկել»:
Հարցին, թե այս պայմաններում ինչ պետք է անեն ՍԴ այն անդամները, որոնց լիազորությունները դադարեցվել են, Գալստյանն ասաց. «Իրենք կարող են ներպետական միջոցները սպառել, եթե այդպիսիք գտնեն, դրանից հետո ՄԻԵԴ դիմելու հնարավորություն կունենան: ՄԻԵԴ-ը նման գործեր քննել է, դա լիարժեք գործող տարբերակ է: Իրենք դա պետք է անեն»:





























