Թերթն անդրադառնում է «Եվրատեսիլ-2011»-ին եւ գրում.
«Ինչպե՞ս կանցնի եզրափակիչն` առանց «Հաբա հաբա»-յի ու «Չակա չակա»-ի, սա մայիսի 10-ին սկսված եւ 11-ի առավոտյան գերմանացի մեր գործընկերների` ARD-ի եւ NDR-ի հաղորդավարների առաջին, բայց միակ տխուր զարմանքը չէ եվրատեսիլյան առաջին կիսաեզափակիչի անակնկալ արդյունքներից, որ դեռեւս քննարկվում է, բայց եւ առեղծվածային բացատրություն չի փնտրվում` ESC-ը անկանխատեսելի մրցույթ է, շեշտում են մասնագետները` զարմացած նաեւ, որ 1995-ից եզրափակիչում միշտ բարձր հորիզոնականներ զբաղեցրած «իրենց ընկերները»` թուրքերը դուրս են մնացել մրցապայքարից, փոխարենը «կովկասյան Halloween-ի հանդերձանքով», հարդռոքային երգով, կանխատեսումների համաձայն եզրափակիչ «չանցնող» Վրաստանն ավելի արժանի համարվեց մրցապայքարը շարունակել:
Ազնիվ չի լինի, եթե չնշենք, թե Թուրքիայի դուրս մնալն էլ այդուհանդերձ կանխագուշակել էին մեր` «Ռայնիշե փոստի» գործընկերները, փոխարենը շեշտելով, թե շաբաթ օրը «Հայաստանի մեծ մրցամարտի օրն է լինելու: Սկզբում` Էմմին կերգի, հետո` ռինգ կմտնի Արթուրը»: Ափսոս, իհարկե, որ առաջին կանխատեսումը այդպես էլ չիրականացավ, հուսանք, որ իսկական ռինգում Արթուրի «բումը» հաղթական նոկաուտ կդառնա:
Մեր նախորդ հրապարակման մեջ կոչ էինք արել sms քվեարկություններով ձայն տալ Հայաստանի օգտին: Այս անգամ, ինչպես իրազեկ դարձանք շոուն հեռարձակող գերմանական Pro Sieben հեռուստատեսությունից, զանգահարելով քվե տալու հաճույքից զրկված էր Գերմանիան, իսկ ժյուրիի հետ 50:50 ձայնի իրավունք ունեին միայն Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան: Հենց նրանց ընտրությամբ էր, որ Նորվեգիան ներկայացնող Սթելլա Մվանգիի լեզվական պատնեշով չկաշկանդված «Հաբա հաբա»-ն ու Դյուսսելդորֆում Party hit-ի վարկանիշ ունեցող Էմմիի «Չակա չակա»-ն չանցան, իսկ մայրենի սերբերենով եզրափակիչ փուլ հասավ 60-ականների սոուլ ներկայացնող Նինան, կամ` 7 տարի եզրափակիչի ուղեգրի սպասող Շվեյցարիան, որ համոզեց Աննա Ռոսսինելլիի հրաշալի ձայնով»:
Մեկնաբանների ու բլոգերների մի մասը զարմացած են, որ «հնաոճ» Իսլանդիան առաջ անցավ ֆավորիտներից, մյուս մասը «բարոյական» է համարում, որ երգը կատարող հունվարին մահացած «Sjonni»-ի հիշատակին այն Դյուսսելդորֆում հնչեցնելու առիթը բաց չեն թողել նրա ընկերներըՙ եզրափակիչ փուլ անցնելով: Մի մասը թերահավատ էր նաեւ Ֆինլանդիայի հարցում, բայց ֆինն կիթառով երգչի անմեղ ժպիտը, մոլորակը փրկելու սիրտ ջերմացնող շոուն այդուհանդերձ հայտնվեց 10-յակում: Ոմանք պնդում են, թե հենց նա է ESC-ի 2011-ի հաղթողը:
Դյուսսելդորֆում ներկա լրագրողների կարծիքով, Լիտվան տանուլ էր տալու, բայց Էվելինա Սասենկոյի միակ ֆրանսալեզու երգին մայիսի 14-ին ունկնդրելու եւս մեկ առիթ տրվեց: Հունգարիան ներկայացնող ֆավորիտ համարվող Կատի Վոլֆը անցավ եզրափակիչ, տասնյակում հայտնվեց նաեւ Հունաստանի Hip-Hop-ի եւ Bouzouki-ի խառնուրդ երաժշտական համարը, որ երկրպագուների մեծ բանակ չէր հավաքել»:



























