Օրենքում փոփոխությունների կատարումը պայմանավորված է գույքը վարձակալության տրամադրելու գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ, որն ապահովված է ՊՈԱԿ-ի կողմից անհատույց օգտագործման իրավունքով՝ Հայաստանի Կառավարության հաստատած միակ մոտեցմամբ: Այս մասին հուլիսի 15-ին ԱԺ-ում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Բաբայանը մասնավորապես պարզաբանեց, որ գործող օրենսդրության համաձայն՝ պետական կազմակերպությունն իրավունք ունի իրեն պատկանող գույքը պետության անունից վարձակալության տալու, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ:

«Ընդ որում՝ ՊՈԱԿ-ին ամրագրված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել ավելի քան մեկ տարի ժամկետով՝ բացառությամբ հիմնադրի որոշած դեպքերի»,- շեշտեց պաշտոնյան:

Օրինագծի նպատակն է գույքը վարձակալության հանձնելու կարգավորումը, որն ապահովված է ՊՈԱԿ-ի կողմից անհատույց օգտագործման իրավունքով՝ Հայաստանի Կառավարության հավանությունը ստացած միակ մոտեցմամբ, այսինքն՝ գործընթացի թափանցիկ եւ հրապարակային իրականացմամբ, գույքը վարձակալության հանձնելու գործընթացում հստակ չափորոշիչների եւ միասնական պայմանների հաստատմամբ: Բաբայանի հավաստմամբ՝ սա արվում է միայն պետական աջակցության արդյունավետության բարձրացման եւ միասնական պայմանների ու ժամկետների հաստատման համար:

Խորհրդարանական հանձնաժողովը քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն տվեց: