Հայաստանի տարածքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ տեղի է ունեցել տաս երկրաշարժ: Մայիսի 7-ին Թուրքիայում, Վան քաղաքից 45 կմ հարավ-արեւելք, գրանցվել է 4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն, իսկ հաջորդ օրը 3-4 բալ ուժգնությամբ` Վանից 61 կմ հյուսիս-արեւելք: 4 բալանոց երկրաշարժեր են տեղի ունեցել մայիսի 7-ին Իրանի Խոյ քաղաքից 32 կմ հարավ-արեւելք եւ 10-ին Ադրբեջանի Զաքատալա քաղաքից 17 կմ հյուսիս-արեւմուտք:

Մայիսի 9-ին 3 բալանոց երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 2 կմ հյուսիս-արեւելք: Սյդ օրը նույն ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաեւ Վրաստանի Դմանիսի քաղաքից 24 կմ արեւմուտք: Մայիսի 10-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Աշոցք գյուղից 12 կմ հյուսիս-արեւմուտք, տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Նույն օրը Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 43 կմ հարավ-արեւելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4-5 բալ, որին մայիսի 6-ին եւ 8-ին նախորդել էր 3 եւ 3-4 բալ ուժգնությամբ  երկու ստորգետնյա ցնցում:

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երեք ուժեղ երկրաշարժ, որոնք տեղի են ունեցել խաղաղօվկիանոսյան օղակաձեւ գոտում (հրե օղակ): Մյուս երկու երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվում են Ավստրալիայի հարավային տարածքում` 6.3 եւ 6.8 մագնիտուդերով: 5.0-ից մինչեւ 6.0 մագնիտուդով  15 հետցնցում է գրանցվել Լուայոտե կղզիների հատվածում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Մայիսի 11-ին գրանցվել է 5.2 մագնիտուդով  (ուժգնությունը 7 բալ) երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իսպանիայի հարավ-արեւելյան մասում`  Լորկա քաղաքից 6 կմ  հարավ-արեւմուտք: Նախնական տվյալներով երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, 160-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, քանդվել են  բազմաթիվ շինություններ, այդ թվում եւ պատմամշակութային նշանակության: Քաղաքի բնակիչները խուճապահար լքել են բնակարանները: Իսպանիայի իշխանությունները քաղաքից բնակչության տարհանում են իրականացրել: