Բուժհաստատությունների օպտիմալացման մասին ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագծի շրջանակներում Գյումրիի Ուռուցքաբանական դիսպանսերը եւ եւս երկու բուժհաստատություն վրակազմակերպվելու են, եւ միավորվեն Գյումրի ԲԿ-ին։
Արդեն մի քանի օր է Ուռւցքաբանական դիսպանսերի աշխատակիցները բարձրաձայնում են, որ շուտով ունենալու են աշխատատեղի խնդիր, քանի որ կառավարությունը որոշել է օպտիմալացնել իրենց կառույցը։ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլյանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն ստացել են կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի Ուռուցքաբանական դիսպանսերի վիրաբուժական եւ թերապեւտիկ բուժման, քիմիոթերապեւտիկ մասը եւ դիսպանսեր հսկողությունը միավորվում է Գյումրի Բժշկական կենտրոնի մեջ իսկ ճառագայթային բուժումը կիրականացվի մայրաքաղաքի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում։
Ըստ պաշտոնյայի 2019 թ․ ապրիլին Աջողջապահության համաշխարհային կազմակերպության, Քաղցկեղի հետազոտման միջազգային հետազոտության մասնագետները եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ եղել են հիվանդանոցում, կատարել ուսումնասիրություններ եւ տվել են անբավարար գնահատական։
Ուռուցքաբանական դիսպանսերի տնօրեն Վալերիկ Շիրինյանն էլ NEWS.am-ին հայտնեց, որ նախագիծը մարզպետարանից արդեն ստացել է, որտեղ նշվում է, որ պետք է ուռուցքաբանական դիսպանսերը փակվի, շենքը պետք է հանձնվի գույքի պետական կառավարման կոմիտեին: Կառույցի ճառագայթային բաժանմունքը ընդհանրապես վերացվում է Գյումրիից, հիվանդներին ուղղորդելու են մայրաքաղաք, իսկ բժշկական կենտրոնի բազայի վրա բացվելու է 12 մահճակալ ունեցող վիրաբուժական եւ քիմիոթերապեւտիկ հիվանդների համար բաժանմունք։
Նրա խոսքով որպես գործընթացի պատճառ եւ հիմնավորում նշվում են շենքային վատ պայմանները. «Տարիներ շարունակ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, ստեղծվել է հոյակապ պայմաններ։ Հիմնարկի խնայողությունների հաշվին հիվանդանոցը անցած տարվանից ջեռուցվում է։ Ինչպես կարելի է 70 տարվա պատմություն ունեցող բժշկական հաստատությունը փակեն։ Հեղափոխություն եղավ բոլորս ուրախացանք, որ մյուս ոլորտների հետ մեկտեղ նաեւ կբարելավվի առողջապահության համակարգը, կվերազնիվի բուժսարքավորումները, մայրաքաղաքի շատ ծառայություններ, գյումրին եւս կմատուցի։ Հիմա ասում են ձեր կառույցը ունի շենքային եւ այլ անբավարար պայմաններ։ Աշխատակազմի հետ քննարկել ենք այս նախագիծը եւ մեր եզրակացությունն ուղարկել ենք մարզպետարան»,-ասաց նա:
Դիսպանսերի տնօրեն Վ․ Շիրինյանն անդրադառնալով ճառագայթային թերապիայի սարքավորումների հնամաշ լինելուն, նշեց, որ ունեն սարքավորում, որը լիցքավորման կարիք ունի, բայց բավականին թանկարժեք է. «Ունենք կառավարություն թող իրենք մտածեն, մեկ անգամ լիցքավորումից հետո այն կծառայի ավելի քան 9 տարի, թող մտածեն։ Իսկ ի՞նչ է լինելու աշխատակազմի հետ, այստեղ բոլորը ոլորտի պրոֆեսիոնալներ են, ո՞ւր են գնալու նրանք, ի՞նչ են անելու։ Սրանք հարցեր են, որոնք դեռ լուծում չեն ստացել»,-ընդգծեց նա:





























