Հայաստանի գործարար միջավայրը 2010 թ. բարելավվել է։ Այսօր՝ մայիսի 13-ին Ազգային Ժողովում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ելույթ ունենալով 2010 թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկումների ընթացքում՝ նա թվարկեց այն քայլերը, որոնք հանգեցրել են գործարարության բարելավմանը.

- պարզեցվել են բիզնեսի գրանցման ընթացակարգերը։ Ընկերություն գրանցելու համար ներկայում բավարար է 5 օրը՝ նախկին 20 օրվա համեմատ։  Եթե նախկինում անհրաժեշտ էր այցելել 6 մարմին՝ ֆիրման գրանցելու համար, ապա այսօր բավական է այցելել համացանցի www.e-registry.am կայքը եւ կատարել գրանցում։

- կառավարությունը երկարաձգել է 2009 թ. ընդունված այն որոշումը, որով մինչեւ 70 մլն. դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումները արգելում է: Արդյունքում, եթե 2008 թ. վերջին 2 եռամսյակների տվյալներով պետական մարմինները կազմակերպել են 15,6 հազ. ստուգում, ապա 2010 թ. նույն ժամանակաշրջանում՝ ընդամենը 331 ստուգում:

- իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց հետեւանքով պարզեցվել է արտահանվող` երկակի նշանակության ապրանքների համար համապատասխան փորձագիտական տեղեկանք տալու ընթացակարգը. փորձագիտության ժամկետը 1 ամսից կրճատվել է մինչեւ 10 օր, ինչպես նաեւ կրճատվել է փորձաքննության վճարը՝ 180 հազ. դրամից դառնալով 60 հազ. դրամ:

- լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների թիվը նախկին 169-ից նվազեցվել է մինչեւ 96։  Պարզեցվել է նաեւ լիցենզիաներ ստանալու գործընթացը` շնորհիվ էլեկտրոնային համակարգի:

- Օրենսդրական բարեփոխումների արդյունքում շահութահարկի գծով տարեկան վճարումները կրճատվել են 8-ով, նույնքանով կրճատվել են նաեւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունները:

- միասնականացվել են հարկային հաշվետվությունների ներկայացման ժամկետները, ներդրվել է էլեկտրոնային հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգը, որը արդեն հնարավորություն է տալիս 27 տեսակի հաշվետվություններ ներկայացնել էլեկտրոնային տեսքով:

- շինարարական թույլտվությունների ստացման համար նախկինում պահանջվող 200 օրվա փոխարեն այսօր արդեն անհրաժեշտ է ընդհամենը 53 օր, իսկ այս թույլտվությունների հետ կապված տարբեր տիպի պարտադիր վճարները կրճատվել են 4 անգամ: