Երեւանի քաղաքապետի որոշմամբ, մայիսի 20-ից լուծված են համարվում թիվ 76 եւ 69 երթուղիները սպասարկող ընկերությունների հետ կնքած պայմանագրերը, եւ վերջիններս նույն օրվանից զրկվում են տվյալ երթուղիները սպասարկելու իրավունքից:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս որոշումը կայացվել է քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա։ Մասնավորապես՝ թիվ 76 երթուղին սպասարկող ընկերության վարորդները ուղեւորներից գանձել են 200 դրամ ուղեվարձ, ինչը ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրի խախտում է:

Երեւանի քաղաքապետարանի եւ «Երեւանտրանս» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված դիտարկումների եւ ուսումնասիրությունների արդյունքում նաեւ պարզվել է, որ թիվ 69 երթուղին սպասարկող ընկերությունը երթուղին սպասարկել է առանց դեղին հիմնագույնի պետհամարանիշներով միկրոավտոբուսների եւ օգտագործել է չհայտագրված փոխադրամիջոցներ։

Բնակչության տրանսպորտային բնականոն սպասարկումն ապահովելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի «Երեւանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է մինչեւ նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, 76 եւ 69 համարի երթուղիներում սպասարկման նպատակով պայմանագիր կնքել տրանսպորտային միջոցներ ունեցող այլ կազմակերպության հետ: