Քանի որ այսօր արդեն թվով երրորդ պատգամավորն է հայտարարել, որ մտադիր է օրենսդրական աշխատանքը շարունակել որպես անկախ պատգամավոր, կարծում եմ, որ օրակարգային է դառնում խմբակցությունից ինքնակամ դուրս գալու կամ հեռացվելու դեպքում մանդատից զրկելու նորմի օրենսդրորեն ամրագրումը: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին,  ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Քանի որ այսօր արդեն թվով երրորդ պատգամավորն է հայտարարել, որ մտադիր է օրենսդրական աշխատանքը շարունակել որպես անկախ պատգամավոր, կարծում եմ, որ օրակարգային է դառնում խմբակցությունից ինքնակամ դուրս գալու կամ հեռացվելու դեպքում մանդատից զրկելու նորմի օրենսդրորեն ամրագրումը:

Պառլամենտական երկրի ամենաքաղաքական մարմնում որևէ քաղաքական ուժ չներկայացնող կամ ընտրություններում բավարար քվե չստացած ուժի ներկայացուցիչներ իմ համոզմամբ չպիտի լինեն: Եթե ինչ-ինչ պատճառներով տվյալ գործչի աշխատանքն իր ընթացիկ կուսակցության հետ չի ստացվում կամ առկա են անլուծելի հակասություններ, ոչինչ չի խանգարում դուրս գալ և մեկ այլ թիմի հետ միասին պատրաստվել հաջորդ ընտրություններին: Ինչպես ասում են, կյանքն այդ կետում չի ավարտվում:

Ամենայն հարգանքով գործընկերների որոշման հանդեպ (իսկ պարոն Սերգեյ Բագրատյանի` որպես պատգամավորի կարողությունները ես իսկապես շատ բարձր եմ գնահատում)` ինքս կգերադասեի մանդատս ուտեի, քան այն պահպանեի ու գործունեություն ծավալեի այն քաղաքական ուժից դուրս, որի կազմում մտել էի խորհրդարան»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այս մասին հաղորդել են ԱԺ մամուլի ծառայությունից: Ըստ ամենայնի, Ս․Բագրատյանը մանդատը վայր չի դնում, քանի որ գրության մեջ խոսքը միայն ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին է։

Հիշեցնենք նաեւ, որ Ս․Բագրատյանի քայլն այս գումարման ԱԺ-ում նախադեպային չէ։ 2019-ի սեպտեմբերի սկզբին Արման Բաբաջանյանը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու եւ որպես անկախ պատգամավոր գործունեությունը շարունակելու մասին։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 22-ին գրությամբ դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար իր գլխավորած խմբակցության մեկ մանդատը։ Օրեր անց ԿԸՀ-ն նիստ գումարեց եւ միաձայն մերժեց ԼՀԿ-ի պահանջը, պատճառաբանելով, որ մանդատը թափուր չէ, բացի այդ նման լիազորություն չունի։

Քանի որ այսօր արդեն թվով երրորդ պատգամավորն է հայտարարել, որ մտադիր է օրենսդրական աշխատանքը շարունակել որպես անկախ...

Опубликовано Edgar Arakelyan Четверг, 23 июля 2020 г.