«Եթե հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին, դրանից հետո մի նոր փուլ կսկսվի, վավերացման փուլ: Բայց դրա հետ կապված դեռ քննարկելու խնդիր ունենք մեր կուսակցությունների հետ: Միասին կորոշենք, թե որ ձեւն է ավելի արդյունավետ կիրառել, որպեսզի ի վերջո, այս փաստաթուղթը օրենքի ուժ չստանա»,- այսօր հայ-թուրքական արձանագրությունների դեմ 11 կուսակցությունների համատեղ հայտարարությունից հետո հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ի պատասխան հարցի, թե բացի այդ հայտարարությունը ինչպես են նրանք փորձելու կանխել արձանագրությունների ստորագրումը:

Նրա խոսքով, դեռ դրան հասնելու երկար ճանապարհ գոյություն ունի եւ այդ հարցերը միասին են որոշելու: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք իրենք առաջարկել են ՀԱԿ-ին, որպեսզի նա նույնպես միանա այդ հայտարարությանը, Ա. Ռուստամյանն ասաց. «ՀԱԿ-ին որպես ամբողջություն չենք դիմել, բայց նրա մեջ ընդգրկված կուսակցություններից մի քանիսի հետ խոսել ենք եւ նրանք նույնպես մտահոգություններ արտահայտել են, բայց երեւի քաղաքական ինչ-որ խնդիրներից ելնելով, չեն միացել այս հայտարարությանը»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ այս հարցը ընդդիմություն-իշխանություն չի ճանաչում, իշխանափոխության խնդիր չի, աթոռակռվի հարց չի: «Մեր ապագայի սերունդների խնդիրն է եւ կարծում եմ, որ այս միավորումը իր էության մեջ անկեղծ է, մաքուր է եւ ազգային քաղաքական ուժերը պետք է գան այս դաշտ»: