Թաիլանդի արքայադուստրը Չուլաբհորնը վթարի է ենթարկվել Երուսաղեմում, երբ գնում էր հանդիպելու Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին, հայտնել են պետության ղեկավարի գրասենյակից:
Նա թեթեւ վնասվածքներ է ստացել: Չնայած բժիշկների հորդորներին, Թաիլանդի թագավորի կրտսեր դուստրը բուժզննման է մեկնել միայն հանդիպումից հետո: Իսրայելական ոստիկանության մամուլի քարտուղար Ալեքս Կագալսկին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին, թե 53-ամյա արքայադուստրը թեթեւ վնասվածքներ է ստացել այն պահին, երբ նրա «շարասյան մեքենաներից մեկին զգալի վնաս է հասցվել»:
Արքայադուստր Չուլաբհորնը պրոֆեսորի կոչում ունի քիմիայից եւ ղեկավարում է բժշկա-քիմիական ինստիտուտը: Նա Պերեսի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ներառյալ ուղեղի գործառույթների հետազոտությունները:



























