Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Հայաստանի ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի կողմից որեւէ ցուցակ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Ամալյա Հարությունյանը` անդրադառնալով թերթերից մեկի այն հրապարակմանը, ըստ որի`օրերս  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին է փոխանցել այն տասը դատավորների անունները, որոնք առաջիկայում պետք է պաշտոնանկ արվեն: «Այս գործընթացն ամբողջությամբ ոչ պաշտոնական բնույթի է եւ միտված է սպասարկել կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի իշխանական քարոզչությունը»,-գրել էր թերթերից մեկը:

«Մենք նման անհիմն տեղեկությունները չենք մեկնաբանում: Նման ցուցակ չի փոխանցվել»,-վստահեցրեց Հարությունյանը:

Նմանատիպ պատասխան տվեց նաեւ ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը: «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»,-հայտարարեց Բաղրամյանը` հավելելով, որ մամուլն առաջին անգամ չէ, որ անհիմն տեղեկություններ է  հրապարակում:

Նշենք, որ թերթերից մեկն օրերս լուր էր հրապարակել, ըստ որի` վերոնշյալ ցուցակի պատճառով դատավորների շրջանում մոտ քսան օր առաջ սկսված լարված մթնոլորտն ավելի է խորացել եւ նրանցից ամեն մեկը փորձում է իր համար պարզել. արդյոք ցանկում իր անունը կա՞, թե՞ ոչ: