Հունգարիան  Հայաստանում  դեսպանություն չունի, եւ դրա բացումը կխթանի երկկողմ կապերի սերտացմանը: Այս մասին այսօր` մայիսի 17-ին հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` Հունգարիայի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի հետ հանդիպման ժամանակ:

«Մեր ցանկությունն է Հունգարիայի հետ հաստատել բազմաբնույթ փոխշահավետ հարաբերություններ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել հայ համայնքի  հանդեպ Հունգարիայի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության կապակցությամբ: Նրա  խոսքերով` Հայաստանում բարձր են գնահատում այն հանգամանքը, որ հայերը Հունգարիայում ունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ եւ օգտվում են այդ կարգավիճակի ընձեռած հնարավորություններից:

Անդրադառնալով ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին` ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ լիովին կիսում են Արեւելյան գործընկերության շրջանակներում տարբերակման մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ տեսակետը: Եվրոպական հանձնաժողովը անհատական մոտեցում պետք է դրսեւորի ոչ միայն Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի միջեւ, այլ նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների միջեւ:

Հունգարիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հունգարիան կարող է աջակցություն ցույց տալ եվրաինտեգրման ճանապարհը բռնած Հայաստանին` փոխանցելով իր փորձն այդ ուղղությամբ:

Հովիկ Աբրահամյանը տարակուսանք է հայտնել  Հունգարիայի խորհրդարանում մի քանի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված հակահայկական բնույթի բանաձեւի նախագծի կապակցությամբ:  Հույս հայտելով, որ այդ բանաձեւ չի ընդունվի` ԱԺ նախագահը անհրաժեշտ է համարել, որ Հունգարիայի խորհրդարանի պատգամավորները տեղյակ լինեն, որ դրանում ամբողջությամբ խեղաթյուրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը:

Հունգարիայի խորհրդարանի նախագահը նշեց, որ ամենայն հավանականությամբ այդ բանաձեւն անգամ  չի ընդգրկվի խորհրդարանի օրակարգում, մանավանդ որ իշխող մեծամասնությունը նման նպատակ չունի: