Հայաստանի զինված ուժերի զինվոր Ռոբերտ Ավետիսյանի մահվան փաստով քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ճամբարակի զորամասի ժամկետային զինծառայող, Արմավիրի զինկոմիսարիատից զորակոչված 24-ամյա Ռոբերտ Ավետիսյանը մահացել էր անցած տարվա նոյեմբերին ծառայակիցների հետ միջադեպի արդյունքում:
Ավետիսյանի ծառայակիցներին` շարքայիններ Հմայակ Մարտիրոսյանին եւ Արտյոմ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել քր.օր.-ի 367 հոդվածի 1-ին կետի (Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը) եւ 108 հոդվածի (Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը) հատկանիշներով: Նախապես հարուցվել էր քրեական գործ սպանության հատկանիշներով:
Դատաքննությունը նախագահելու է դատավոր Սամվել Ասատրյանը, առայժմ հայտնի չէ առաջին նիստի օրը:





























