NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Դամյեն Դելենիի հոգվածը, որը հրապարակվել է ֆրանսիական «Aujourd`hui en France» պարբերականում:

Լազուրե ափն Արեւելքից եկած «գործարարների» համար վաղուց դարձել է էլդորադո: Վերջին ամիսներին այն դարձել է նաեւ նրանց գերեզմանը: Տասն օր առաջ 35-ամյա հայ Անտոն Սարգսյանը գնդակահարել էր ռուսաստանյան անձնագրով չեչեն 56-ամյա Աբդուլա Էրզանուկաեւին եւ 39-ամյա հայ Էդուարդ Մարգարյանին: Կրակոցները հնչել են մարդասպանի տանը` Նիցայի Գրոսսո փողոցում գտնվող բնակարանում: Միջադեպից անմիջապես հետո երկու երեխաների հետ փախած Սարգսյանը շատ արագ հայտնվել էր ոստիկանների ձեռքում: Առայժմ հայտնի չէ կրկնակի սպանության դրդապատճառը, սակայն քննիչներին առաջին հերթին հետաքրքրում է զոհերի ինքնությունը:  

Աբդուլա Էրզանուակեւը նախկին չեչեն ձեռներեց էր եւ ապաստան էր գտել Ֆրանսիայում գրեթե տասը տարի առաջ: Նա անմիջապես հայտնվել էր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: 2003թ. սեպտեմբերին նա ձեռրբակալվել էր Փարիզի իր բնակարանում ֆինանսական ոստիկանության կողմից: Ոստիկանները կասկածում էին, որ նա խոշոր գումարներ է փոխանցում Ռուսաստանում սկանդալային համբավ ունեցող «Kama Trade France» ընկերության միջոցով: Այն ժամանակ ֆրանսիական ոստիկանությունը համարում էր, որ Էրզանուկաեւն այդ միջոցներն օգտագործում է Չեչնիայի հակառուսական խռովարարների առաջնորդ Շամիլ Բասաեւին աջակցելու համար: Նրա անունը հիշատակվում րէ նաեւ խոշոր իտալական «Սարդոստայն» հետաքննությունում, որի թիրախում սպանություններով եւ ռեկետով զբաղվող արեւելյան մաֆիոզ խմբավորումներն էին: Կարճ ժամանակ մնալով բանտում` Էրզանուկաեւը դուրս եկավ եւ հաստատվեց Նիցայում` այլեւս իր մասին չհիշեցնելով:

Մյուս զոհը 39-ամյա Էդուարդ Մարգարյանն էր, որը Ռուսաստանի ոստիկանության ցուցակներում նշված է որպես վրացական եւ հայկական բովանդակությամբ օրենքով գողերի կազմակերպված հանցավոր խմբի անդամ: Այդ միջազգային հանցավորությունը ներկայացված է հարավային Եվրոպայում: Անցած տարի Իսպանիայում ձերբակալվեցին տասնյակ կասկածյալներ եւ առգրավվեց 24 միլիոն եվրո, մոտ 30 վիլաներ, հյուրանոցներ եւ Բարսելոնայի մոտ գտնվող առեւտրային կենտրոն: Այդ գործողությունների շարքում ֆրանսիական ոստիկանությունը Նիցայում կանխեց վրացի Լադոյի սպանությունը: Լադոն հետագայում սպանվեց Մարսելում: Այդ իրադարձությունների հետքը երեւում է նաեւ Մարգարյանի սպանությունում: Մարգարյանը հենց նոր էր ժամանել Բարսելոնայից:

Կազմակերպված հանցավորության ներկայությունը Լազուրե ափում ոստիկանների համար նորություն չէ, սակայն հարաբերություններ պարզելն ու սպանություններն արդեն տագնապ են հարուցում: Ակտիվ ներկայության եւս մեկ վկայություն. մի քանի ամիս է քննվում է 100 հազար եվրո կեղծ թղթադրամների գործը: Դրանք պատրաստվել են Նեապոլում եւ պետք է հայկական հանցավոր խմբավորման կողմից իրացվեին կազինոներից մեկում: Բացահայտնվել են նաեւ մեծ ներդրումներ Լազուրե ափի անշարժ գույքի շուկայում: Տագնապ է հարուցում նաեւ հանցագործների սպառնալիքներն ուղղված դատավորներին: