Արդեն մի քանի օր է NEWS.am-ի խմբագրություն են զանգահարում մի շարք քաղաքացիներ եւ դժգոհություն հայտնում, որ «Արմավիա» ավիաընկերությունը Երեւան-Բեռլին ուղիղ չվերթը կատարում է Երեւան-Մյունխեն-Բեռլին չվերթով՝ առանց ուղեւորներին այդ մասին նախօրորք տեղյակ պահելու։ Սա, քաղաքացիների խոսքով, լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում եւ իրենք ստիպված են լինում օդանավում մնալ մոտ 1 ժամ 45 րոպե:

Փաստի առնչությամբ մանրամասներ ճշտելու համար զրուցեցինք «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովայի հետ, ով ճշգրտեց, որ «Արմավիա» ավիաընկերության U8 115/116 Երեւան-Բեռլին-Երեւան եւ U8 109/110 Երեւան-Մյունխեն-Երեւան չվերթները համակցվել են միայն մայիսի 3-ին, 10-ին եւ 17-ին:

«Տվյալ չվերթների ուղեւորներին չվացուցակում տեղի ունեցած փոփոխությունների մասին պարտադիր կերպով տեղեկացրել են կոմերցիոն բաժնի համապատասխան աշխատակիցները: Սակայն երբեմն ուղեւորների հետ հնարավոր չի լինում կապ հաստատել՝ ամրագրման մեջ տվյալ ուղեւորի ոչ ճշգրիտ հեռախոսահամարների առկայության, նույնիսկ դրանց բացակայության եւ այլ պատճառներով»,- պարզաբանեց Նանա Ավետիսովան: