Թերթը զրուցել է Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Զրույցի սղագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Վերջին շրջանում շատ ակտիվ եք, գնում եք մարզեր, տարբեր միջոցառումների նախաձեռնողն ու մասնակից եք, պատրաստվո՞ւմ եք ինչ-որ բանի:

Ընտրությունների...

Ո՞ր ընտրություններին (նկատի ունեինք` արտահերթ, թե՞ հերթական ընտրությունների):

Պառլամենտական ընտրություններ չե՞ն մեկ տարի հետո: Նախ` իմ վերջին այցելությունը կապ չունի ընտրությունների հետ: Մի քիչ խորթ է թվում, չէ՞, որ պատգամավորներն այցելում են մարզեր: Էնքան չեն գնացել, որ հիմա արդեն ինչ-որ տեղ խորթ է թվում. պետք է լինել մարզերում, հանդիպել ժողովրդի` քաղաքացիների եւ գյուղացիների հետ, ինչ խնդիրներ կան` բարձրացնենք-քննարկենք Ազգային ժողովում:

Հիմա մենք Կոտայքից բազմաթիվ հարցեր ենք բերել, որպեսզի քննարկենք Ազգային ժողովում: Նույնիսկ մեկ-երկու հարց կա, որոնց վերաբերյալ անպայման օրենսդրական նախաձեռնությամբ պետք է հանդես գանք, օրենքներում փոփոխություն անենք: Եվ ես գտնում եմ, որ նման այցելություններ որքան շատ լինեն, որքան պատգամավորները մոտենան ժողովրդին, այնքան լավ կլինի:

Այդպիսով Ձե՞ր վարկանիշն եք ուզում բարձրացնել ընտրություններից առաջ, թե՞ Ազգային ժողովի:

Ազգային ժողովի: