Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով մահացածների թվի աճը ողջ աշխարհում դառնում է լուրջ խնդիր:

Առողջապահության համաշխարհաային կազմակերպությունը առաջին ագամ հրապարակել է ավտոպատահարների արդյունքում մահացության գլոբալ զեկույց: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:

Ուսումնասիրության ընթացքում օգտագործվել են 178 երկրների վիճակագրական տվյալներ` 2008 թ. դրությամբ:

Ըստ այդմ` աշխարհում միջինը 16.6 մարդ 100 հազ. բնակչի հաշվով ամեն տարի մահանում է ավտովթարներից: Հայաստանում այդ ցուցանիշը 13.9 է` ավելի ցածր, քան համաշխարհային միջինը, սակայն ավելի բարձր` քան Եվրոպայում (10.2): Սակայն նշենք, որ նույն մակարդակն է ԱՄՆ-ում: Հայաստանում մահացածների 40 տոկոսը հետիոտներն են, մնացածը մահացել են չորս անիվ ունեցող տրանսպորտային միջոցում:

Ընդհանրապես` նախկին ԽՍՀՄ երկրներն աչքի են ընկնում ավտոպատահարներից մահացածների բավական բարձր մակարդակով` միջինը 16.3, որը շատ քիչ է զիջում համաշխարհային միջինին: Հարեւան Վրաստանում այդ ցուցանիշը նույնիսկ ավելի բարձր է` 16.8:

Համեմատաբար բարվոք է վիճակը Ադրբեջանում` 13: Տխուր է վիճակը Ռուսաստանում` 25.2 մահացած 100 հազ. բնակչի հաշվով; Թուրքիայում այս ցուցանիշը 13.4 է:

Ամենաանկարգապահ վարորդները, ըստ այս վիճակագրության, գտնվում են Էրիթրեայում` 48.4 մահացած 100 հազ. բնակչի հաշվով:

Երկրորդ տեղում Եգիպտոսն է` 41.6: Արաբական երկրների մեծ մասն աչքի է ընկնում ավտոպատահարներից մահացածների անչափ բարձր ցուցանիշով: Պատահական չէ, որ Մերձավոր Արեւելքում մահացության ցուցանիշը 31.1 է` զգալիորեն բարձր համաշխարհային միջինից:

Հարեւան Իրանը եւս աչքի է ընկնում մահացության բարձր աստիճանով` 35.8: Սա մեզ համար կարող է հետաքրքիր լինել այնքանով, որ իրանցի բազմաթիվ վարորդներ են հատում հայ-իրանական սահմանը: