ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամությունը լուծում է հանրապետության ռազմավարական խնդիրները, իսկ այլ միջազգային կազմակերպությունների հետ բազմակողմ համագործակցությունը միտված է այնպիսի ոլորտների զարգացմանը, որոնք անհրաժեշտ են միջազգային գործողությունների շրջանակներում պաշտպանական բարեփոխումների իրականացման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երեւանում ընթացող «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն. Տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում:
Նախարարի խոսքով, այդ երկու ուղղությունները փոխլրացնում են իրար, ինչն իր հերթին ավելցնում է անվտանգության երաշխիքները: Նախարարը նշել է, թե Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների լուծման համար ՀԱՊԿ-ն եւ միջազգային այլ կազմակերպություններն օգտագործում են նման մոտեցումներ, իսկ գլոբալ մասշտաբն ու միջազգային սպառնալիքների արդիականությունը երկրորդ պլան են մղել առկա հակասությունները:





























