Արցախի փողոցում մայիսի 17-ին խոշոր ավտովթարից (ֆոտոռեպորտաժ) տուժած քաղաքացիներին արդեն կանխավճարային կարգով տրվում են ապահովագրական հատուցումներ` առողջության վերականգնման համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:
Նրա տեղեկացմամբ, երբ պարզ լինի, թե ով է մեղավոր վթարի համար, կիրականացվեն բոլոր անհրաժեշտ հատուցումները` հուղարկավորության, կերակրողի կորստի (եթե այդպիսիք դեպք կան), կորցրած եկամուտների, գույքային եւ այլն:
Թիվ 76 երթուղային տաքսին ապահովագրված է «Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերությունում:
Հիշեցնենք, որ ըստ օրենքի` 1 պատահարի ապահովագրության առավելագույն գումարը անձնական վնասների գծով 9 մլն դրամ է, իսկ 1 անձի համար` 3 մլն դրամ: Սակայն խոշոր ավտոպատահարների դեպքում այս սահմանափակումները ի վնաս քաղաքացիների են:
Վ.Ավետիսյանը տեղեկացրեց, որ այդ հարցը, ինչպես նաեւ այլ հարցեր, կքննարկվեն, եւ հետագայում չեն բացառվում փոփոխությունները` խոշոր ավտովթարների դեպքում քաղաքացիների առավել լիարժեք հատուցում ապահովելու համար:
«Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերության անձնական ապահովագրության գծով փոխտնօրեն Նարինե Գրիգորյանը NEWS.am-ին ասաց, որ կանխավճարային կարգով առայժմ գումար են փոխանցել այրվածքաբանական հիվանդանոցին, որը ֆինանսական խնդիրներ ունի, եւ որտեղ բուժվում է տուժած երեխան: Ըստ Ն. Գրիգորյանի` իրենք գումարը փոխանցել են, որ երեխայի բուժման ընթացքում դեղորայքի եւ անհրաժեշտ միջոցների պակաս չլինի: Ինչ վերաբերում է մյուս տուժածներին, ապա Ն. Գրիգորյանը հավաստիացրեց, որ անձամբ եղել է բոլոր բուժհիմնարկներում, որտեղ ներկայում գտնվում են հիվանդները, զրուցել է նրանց հետ: Սակայն գումարները հիվանդանոցներին կփոխանցվեն այն ժամանակ, երբ հիվանդները դուրս կգրվեն, այսինքն` երբ պարզ կդառնա, թե ինչ ծախսեր են կատարվել, ու հիվանդանոցները հաշիվները կուղարկեն: «Գարանտ Լիմենսի» ներկայացուցիչը տեղեկություն չուներ, թե վթարի մյուս մասնակիցը` «Մերսեդես» մակնիշի մեքենան որ ընկերությունում է ապահովագրված: «Մենք մեր մասով օրենքով նախատեսված 9 մլն դրամը կփոխանցենք, իսկ թե հետո մեզ կվերադարձնեն թե ոչ` հիմա մեզ համար երկրորդային հարց է: Առաջնայինը` մարդկանց առողջությունն է»,- ասաց Ն. Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Արցախի փողոցում միմյանց էին բախվել «Մերսեդես» եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի մեքենաները: Բախման արդյունքում պայթյուն էր որոտացել եւ հրդեհ բռնկվել: Մարդիկ կենդանի-կենդանի այրվել էին: Մահացել էր 4, վիրավորվել` 9 մարդ: Վիրավորներից մեջ հղի կին է եղել, նաեւ մեկ 7-ամյա երեխա:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























