Ադրբեջանի կողմից անկախության նվաճման 20 տարիներին ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում դրական շատ բաներ են եղել անվտանգության եւ էներգետիկայի ոլորտում, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտնել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Բրայզան նշել է, թե հակամարտության արդարացի լուծման համար բանակցությունների սեղանին արդարացի առաջարկներ են դրված. «Ուղղակի անհրաժեշտ է մշակել այդ առաջարկությունները: Քանի դեռ կողմերը չեն հասել համաձայնության, հավասարակշռված մոտեցման մասին խոսք լինել չի կարող»:
Հարցին, թե ի՞նչ օգնություն կարող է ցուցաբերել ԱՄՆ-ը Ադրբեջանին ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում, Բրայզան ասել է, թե իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Ադրբեջանի կառավարության անդամների հետ քննարկումներում:
«Մենք ցանկանում ենք համագործակցել մեր գործընկերների հետ, որ Ադրբեջանը ընթանա ոչ թե քաղաքական ավտորիտարիզմի եւ իսլամական ծայրահեղականության ճանապարհով: Կարծես` Ադրբեջանն ընտրել է ճիշտ ուղի»,- ասել է նա:





























