Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին (ում Ռուսաստանում մեղադրում են առանձնապես մեծ չափերի խարդախության մեջ) ներառել է հետախուզվողների ցուցակում, մայիսի 19-ին հայտնել է ՌԴ հետաքննչական կոմիտեն։
Հետաքննության տվյալներով, Եղիազարյանը մի շարք անձանց հետ ավելի քան 1,5 մլրդ ռուբլու խարդախություն է կատարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հետաքննության առիթ է դարձել Եղիազարյանի նախկին բիզնես-գործընկերոջ դիմումը դատախազություն։ Նա պատգամավորին մեղադրում է «Եվրոպարկ» առեւտրային համալիրի շինարարությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը յուրացնելու մեջ։
Նշենք, որ Մոսկվայի Բասմանյան դատարանը 2011 թվականի հունվարի 31-ին Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին հեռակա կարգով ձերբակալելու որոշում էր կայացրել։
Եղիազարյանը Լոս Անջելեսում ապրում է 2010 թվականի ամռանից։ Նա պնդում է, որ ստիպված է լքել Ռուսաստանը՝ վախենալով իր կյանքի համար։ Նա հայտարարել է, որ անգամ ԱՄՆ-ում իրեն լիովին անվտանգ չի զգում։





























