Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր` մայիսի 19-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի դեսպանների, ինչպես նաեւ ՀՀ-ում ԵՄ անդամ մի շարք այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկման հիմնական առարկան եղել է գալիք ընտրություններին ընդառաջ ներքաղաքական իրավիճակը, Հայաստանում ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի լուծման ուղիները, երկրում օրինական, ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, ինչպես նաեւ արտահերթ համապետական ընտրությունների անցկացման հնարավորությունը:
Լեւոն Զուրաբյանը ԵՄ դիվանագետներին ներկայացրել է ՀԱԿ-ի կողմից իշխանություններին ներկայացրած երեք պահանջների կատարման ընթացքը եւ վստահություն հայտնել, որ մայիսի 31-ին կստեղծվեն նախադրյալներ` սկսելու երկխոսություն` Հայաստանում արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանություն ձեւավորելու օրակարգով:
Զուրաբյանը նշել է, որ արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման կարեւոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ ԵՄ եւ նրա անդամ երկրների օժանդակությամբ միջազգային դիտորդական անպիսի առաքելության գործուղումը, որը թույլ կտա մոտ 2000 տեղամասերից յուրաքանչյուրում տեղավորել առնվազն մեկ մշտական դիտորդ:
Քննարկման ընթացքում վերլուծվել է նաեւ Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, մենաշնորհային, օլիգարխիկ արատավոր տնտեսական համակարգի ապամոնտաժման անհրաժեշտությունը, փոքր եւ միջին բիզնեսի, գյուղացիական տնտեսությունների խախտված շահերը վերականգնելու կենսական անհրաժեշտությունը: Այս մասին տեղկացնում են ՀԱԿ-ից:





























