Հայ Հեղափոխական Դաշնակցության պատվիրակությունը` կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, մայիսի 19-ին հանդիպել է Հայաստանում Եվրամիության դեսպանների հետ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՀՅԴ մամուլի ծառայությունից, դեսպաններին ներկայացվել են կուսակցության տեսակետները երկրում տեղի ունեցող գործընթացների, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ ընդհանրապես ընտրական գործընթացի, Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման գործընթացը Թուրքիայի կողմից սառեցնելու վերաբերյալ:

Եվրամիության կողմից հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Նիդերլանդների դեսպանները, Եվրամիության այլ պաշտոնյաներ, Դաշնակցությունից` կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը եւ կուսակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: