ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 19-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում կենսաէներգիայի արտադրության հետ կապված հարցերին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը կարեւոր է համարել այլընտրանքային էներգիայի զարգացումը` ինչպես առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման, թափոնների յուրացման, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանման տեսանկյունից:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ հանրապետության իշխանությունները շահագրգռված են Արցախում կենսաէներգիայի զարգացմամբ եւ այս գործում կարեւորել է միջազգային փորձի կիրառումը:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել կառավարությանը կենսաէներգիայի զարգացման հայեցակարգ մշակելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: