Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Բելառուսում իր ունեցած հանդիպումների ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Հայաստանում գործարանի կառուցման մասին, որը կարող է բելառուսական գյուղտեխնիկայի հիմք հանդիսանալ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել է նաեւ Բելառուսից ավտոբուսների մատակարարման խնդրին: «Քանի որ նրանք արտադրում են ժամանակակից ավտոբուսներ, անհրաժեշտություն կար քննարկել որակակական հատկանիշները, գնային առանձնահատկությունները»,- պարզաբանել է Տիգրան Սարգսյանը:

«Երրորդ ուղղությունը զբոսաշրջությունն էր: Պետք է կարողանալ Բելառուսից զբոսաշրջիկներ բերել Հայաստան: Պայմանավորվեցինք, որ տուրօպերատորների միջեւ հաստատվեն կապեր»,- տեղեկացրել է վարչապետը:

Խոսվել է նաեւ Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների մատակարարման մասին, որոնց նկատմամբ կա մեծ հետաքրքրություն: «Հետաքրքրություն կա նաեւ սննդարդյունաբերության բնագավառում մեր արտադրանքի նկատմամբ: Կարեւոր էր, որ խոսակցությունը շատ կոնկրետ, առարկայական էր գնում` ըստ ապրանքատեսակների, ծառայությունների»,- ընդգծել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ Մինսկում այսօր` մայիսի 19-ին գումարվել է նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 30-րդ նիստը: Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում դիտորդի կարգավիճակ ունի: