Հայաստանի ու Թուրքիայի միջեւ այժմ գոյություն ունեցող անբնական վիճակը օգտակար չէ ոչ մեզ, եւ ոչ էլ Թուրքիայի համար: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը հնարավորություն կտա ստեղծել մի հարթակ, շատ թե քիչ տանելի մի միջավայր` երկխոսությունն ու բանակցություններն առաջ տանելու համար: Այդ մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ հոկտեմբերի 6-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ կատարած այցի ընթացքում:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բեյրութում Սարգսյանը հանդիպել է Մերձավոր Արեւելքի, Եգիպտոսի, Իրանի եւ Ծոցի երկրների հայաշատ համայնքների, ազգային կազմակերպությունների ու կառույցների ավելի քան հարյուր ներկայացուցիչների հետ:
Սերժ Սարգսյանն օգտակար է գնահատել համահայկական ուղեւորության ընթացքում տեղի ունեցած հանդիպումները եւ նշել, որ բացի հնչող կողմ կամ դեմ փաստարկներից, եղել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված շատ արժեքավոր առաջարկություններ: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հնչող մտահոգություններին` նախագահը շեշտել է. «Ինձ մոտ էլ կան մտահոգություններ: Ես ինքս էլ շատ պարագաներում փորձում եմ իմ հույզերը համադրել այն մարդկանց հույզերի հետ, ովքեր հոռետես են, ովքեր անցյալի դառը փորձից ելնելով` համարում են, որ Թուրքիայի հետ, ընդհանրապես, որեւէ պարագայում չի կարելի խոսել կամ բանակցել: Այս ամենն օբյեկտիվ է: Մյուս կողմից կա՞ն արդյոք մտահոգություններ: Իհարկե կան: Բայց, արդյո՞ք այդ մտահոգությունները կարող են պատճառ լինել, որ խոչընդոտ հանդիսանան հարաբերությունների հաստատման համար»:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նման մտահոգություններ եղել են նաեւ մեր ժողովրդի վերջին քսանամյակի պատմության երկու կարեւորագույն զարգացումների` անկախության հռչակման եւ Արցախի ազատության ու ինքնորոշման իրավունքի համար մղված զինված պայքարի ժամանակ: «Ու չնայած գոյություն ունեցած մտահոգություններին` վստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ բերեց ցանկալի արդյունքի»,- ընդգծել է մեր երկրի ղեկավարը:
Նախագահ Սարգսյանը մանրամասնորեն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ հնչող բոլոր հիմնական մտահոգություններին: «Մենք բազմիցս շեշտել ենք, որ Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն արդարության վերականգնման խնդիր է, այլեւ կարեւոր հանգամանք՝ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից: Այն անհրաժեշտություն է»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը նկատել է նաեւ, որ հայ-թուրքական գործընթացի արդյունքում վերջին մեկ տարում էականորեն աճել է Հայոց ցեղասպանությունը փաստարկող հիշատակումներն ու լուսաբանման ծավալը համաշխարհային առաջատար լրատվամիջոցներում:
Անդրադառնալով հնչող մտահոգությանը, թե գործընթացի արդյունքում Թուրքիան կարող է դերակատարություն ստանձնել Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում, նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում կստանա միայն այն դեպքում, երբ տեսնենք, որ ունենք այն, ինչի համար մենք` մեր ժողովուրդը, պայքարել է 1988 թ.-ից սկսած»: Նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը որեւէ կերպ փոխշաղկապված չեն, ինչի մասին բազմիցս հայտարարվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:
Հանդիպման ավարտից հետո Սերժ Սարգսյանը մասնակցել է իր` Բեյրութ կատարած այցելության առիթով տրված ընթրիքին, որի ընթացքում հայտարարել է «Համեմատեք. ինչ էր իրենից ներկայացնում լիբանանահայությունը 1915 թվականին, եւ ինչ էր իրենից ներկայացնում նույն գաղթօջախը ընդամենը կես դար անց՝ 1965 թվականին: Ես ուզում եմ, որ այս նույն զուգահեռով դուք պատկերացնեք, թե ինչ էր Հայաստանը 1991 թվականին, երբ հռչակեց իր անկախությունը, եւ ինչ է լինելու Հայաստանը կես դար անց՝ 2041 թվականին: Սրան գումարեք Հայաստանի զարգացման երեք բացառիկ առավելությունները՝ մեծաքանակ հայություն, հայրենի հող եւ անկախ պետականություն: Իմ խոսքը երազանքների եւ անուրջների մասին չէ, այլ այն իրական ճանապարհի, որ անցել են ձեր հայրերի ու պապերի սերունդները ձեր աչքի առաջ այստեղ՝ Լիբանանի հյուրընկալ հողի վրա եւ տարածաշրջանի մյուս երկրներում»:
Ըստ Սերժ Սարգսյանի՝ «այսօր Հայաստանի եւ հայության առաջ ծառացել են բազում խնդիրներ եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ այլ բնույթի: Բայց երբ դիտում ենք համեմատության մեջ, ակնհայտ է դառնում, որ վերջին հարյուրամյակների ընթացքում մենք զարգացման ավելի բարենպաստ պայմաններ չենք ունեցել»:
«Ես այստեղ եմ, որովհետեւ ձեր մտահոգություններին իրազեկ լինելու, ձեզ լսելու կարիքն ունեմ: Դա իսկապես ինձ օգնելու է իմ աշխատանքում: Բայց ես այստեղ եմ նաեւ հորդորելու ձեզ հավատալ ու վստահել Հայաստանին: „Հավատալ ու վստահել“ չի նշանակում ձեռքերը ծալած նստել կամ սպասել հրահանգների: Մեր պարագայում դա բացառված է: „Հավատալ ու վստահել Հայաստանին“ նշանակում է ակտիվորեն արձագանքել Երեւանի նախաձեռնություններին եւ միաժամանակ նրանից պահանջել այն, ինչ պարտավոր է անել համայն հայության հայրենիքը իր հայրենազուրկ զավակների համար»,- ասել է Սարգսյանը:
«Մենք աշխարհում ունենք բազմաթիվ բարեկամներ, բայց կան նաեւ թշնամաբար տրամադրված ուժեր, որոնք երազում են անվստահության եւ անհասկացողության պատեր ստեղծել հայության տարբեր հատվածների միջեւ, պառակտել ոչ միայն առանձին գաղութներ, այլեւ պառակտել Հայաստանն ու Արցախը, Հայաստանն ու Սփյուռքը: Այդ ուժերը պարզապես երազելով չեն զբաղված, նրանք ակտիվորեն գործում են»,- ասել է Սերժ Սարգսյանն ու հիշել Պարույր Սեակին. «Մենք իրավունք չունենք ուշանալու պատմության գնացքից կամ օդանավից»:



























