Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որեւէ խնդիր չի տեսնում հայ-թուրքական արձանագրությունների ստորագման մեջ: «Մենք միշտ պահում ենք մեր խոսքը: Դրանում աշխարհն արդեն համոզվել է եւ կհամոզվի եւս մեկ անգամ»,- ասել է նա The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
«Մեր արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պատրաստվում է հոկտեմբերի 10-ին իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ ստորագրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու նախաստորագրված արձանագրությունները»,- հայտնել է նա՝ ընդգծելով, որ եթե նախաստորագրված արձանագրություններում որեւէ փոփոխություն չարվի, թուրքական կողմը պատրաստ է ստորագրել դրանք:
«Մենք նաեւ կցանկանայինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները ներկա լինեին փաստաթղթերի ստորագրմանը: Եւ եթե Ֆրանսիայի ներկայացուցիչը ներկա չլինի, հնարավոր է, որ այնտեղ լինեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Բացի այդ, այս համատեքստում շատ կարեւոր է Մոլդովայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ճիշտ է՝ հայերն ասում են, թե մեկը մյուսի հետ կապված չէ, բայց իրականում դա այդպես չէ: Բոլորովին վերջերս հայկական Սփյուռքի հետ հանդիպումներում եւ իր միջազգային շրջագայության ժամանակ Հայաստանի ղեկավարը հանդիպեց դրա հակազդեցությանը: Եւ շատ կարեւոր է, թե ինչ կանի նա Սփյուռքի դիրքորոշման հետ: Եթե նա հաստատակամություն ցուցաբերի, եւ պարզվի, որ երկրի արտաքին քաղաքականության կուրսը որոշում են երկրի նախագահն ու կառավարությունը, այլ ոչ Սփյուռքը, այն ժամանակ էլ մենք քայլ առաջ կանենք: Մեր կողմից որեւէ խնդիր չկա: Հերթը Հայաստանի կառավարությանն է»,- հայտարարել է նա:
Պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի արձանագրությունների վավերացմանը Թուրքիայի խորհրդարանը, Էրդողանը հայտարարել է , կլինի այնպես, ինչպես բոլոր ժողովրդավարական երկրներում՝ կառավարությունը վավերացման համար փաստաթղթերը կփոխանցի խորհրդարանին, իսկ նրա անդամները գաղտնի քվեարկության միջոցով կքվեարկեն այնպես, ինչպես թելադրում է խիղճը":
Նույն այդ հարցազրույցում Էրդողանը հայտարարել է, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում բոլորովին կախված չէ նրանից, թե ինչ արդյունք կունենա Քիշնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Դա որեւէ կապ չունի նրա հետ, ինչ կատարվելու է Քիշնեւում: Բայց, իհարկե, Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններում դրական զարգացումները դրականորեն կազդեն եւ հայ-թուրքական մերձեցման գործընթացի վրա»,- հայտարարել է նա:


























