«Ժառանգություն» կուսակցության կողմից մայիսի 21-ին հրավիրված քաղաքացիական բաց համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ քաղաքական ուժերից ոչ մեկն այս պահի դրությամբ որոշում չի կայացրել: Ավելին, նրանցից շատերը, հատկապես իշխող քաղաքական կուսակցության ներկայացուցիչները, հայտարարում են, որ դա հերթական անիմաստ միջոցառումն է լինելու, որի նպատակն այն է, որ Հովհաննիսյանը կրկին իր վրա սեւեռի հանրության ուշադրությունը:

«Մի անգամ նրան հաջողվեց դա անել հացադուլի միջոցով, որը տեւեց ընդամենը մի քանի օր: Այժմ նա կրկին փորձում է որպես քաղաքական գործիչ վերակենդանանալ` հրավիրելով բաց ժողով: Երեւի թե կանխազգում է, որ ժողովին մարդ գրեթե չի մասնակցելու, դրա համար էլ այն անցկացվում է բաց ռեժիմով, ինչպես որ բարեգործական համերգները»,-նշեց գործիչներից մեկը:

Թեեւ, ինչպես նշվեց, համաժողովը բաց է, սակայն NEWS.am-ի թղթակցի հետ զրուցած քաղաքական ուժերից մի քանիսի ներկայացուցիչները հայտնեցին, որ միջոցառմանը կմասնակցեն բացառապես այն դեպքում, եթե լինի պաշտոնական հրավեր: Նրանց խոսքով` դա է ենթադրում քաղաքական պատշաճությունը: 

Իշխող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ-ն դժվար թե մասնակցի այդ համաժողովին: «Ինչի՞ համար պիտի մասնակցենք: Քաղաքացիական հասարակությանը վերաբերող հարցերը մենք տարբեր ֆորմատներում քննարկում ենք: Քննարկում ենք մեր կուսակցության ներսում, կոալիցիայի ներսում եւ չեմ կարծում, որ նույն հարցերը լրացուցիչ քննարկման կարիք ունեն նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած ֆորումի ժամանակ»,-նշեց Զոհրաբյանը: Նրա խոսքով, եթե միջոցառման ժամանակ հնչած ինչ-որ հարցերի վերաբերյալ արձագանքների կարիք լինի, ԲՀԿ-ն կարձագանքի:

Կոլաիցիայի անդամ Հանրապետական կուսակցությունը եւս ժամանակ չի ունեցել քննարկել իր խորհրդարանական գործընկերոջ նախաձեռնությունը եւ հավանաբար կբոյկոտի հավաքը: Նույնն ասացին նաեւ ՀՅԴ-ից` «նման հարց չի քննարկվել»: 

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը NEWS.am-ին հայտնեց, որ «Ժառանգությունը» պլագիատով է զբաղվում, քանի որ նրա  կազմակերպած համաժողովն իր` Կարապետյանի կողմից ժամանակ առաջ կազմակերպած նույնաբովանդակ միջոցառման կրկնությունն է: «Մենք արդեն քաղաքացիական համաժողով ենք անցկացրել եւ ձեւավորել ենք հայրենասիրական միություն: Ես հասկանում եմ, որ իրենք ուզում են երկրորդ հայրենասիրական միությունը ձեւավորեն: Թող ուրեմն դրա անունը դնեն քաղաքացիական միություն` թիվ 2»,-հայտարարեց Կարապետյանը եւ հավելեց, որ հավաքին կմասնակցի այն դեպքում, երբ իրեն պաշտոնական հրավեր ուղարկեն:

Մեկ այլ կուսակցության` «Նոր ժամանակներ»-ի առաջնորդ Արամ Կարապետյանը հայտարարեց, որ համաժողովին մասնակցության հարցը դեռ չեն քննարկել եւ դա պատրաստվում են անել վաղը: «Քաղաքական առումով ընդունված կարգ չի, որ առանց հրավերքի ինչ-որ քաղաքական ուժ մասնակցի որեւէ միջոցառման: Բայց քանի որ այդպիսի ֆորմատ են որոշել, պիտի քննարկենք դա»,-ասաց նա:

Հայ ազգային կոնգրեսը նույնպես առայժմ որոշում չի կայացրել մասնակցության վերաբերյալ: «Առայժմ նման մտադրություն չունենք»,-հայտարարեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Ստացվում է, որ «Ժառանգությունը» համաժողովն անցկացնելու է առանց քաղաքական դաշտի հիմնական եւ մյուս դերակատարների, հավանաբար միայն շարքային քաղաքացիների մասնակցությամբ: Մինչդեռ, Րաֆֆի Հովհաննիսյանը մայիսի 19-ին հայտարարեց, որ մայիսի  ժողովը լինելու է «հանգրվանային»: