ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Նիդեռլանդների ԱԳ նախարարության Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի եւ «Մատրա» ծրագրի բաժնի ղեկավար Սիմոն Վանդերբերգին եւ ծրագրերի պատասխանատու Միշել Վան Էրկելին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Փիթեր Յան Լանգերբերգը:
ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-նիդեռլանդական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը կարեւորել է հայ-նիդեռլանդական փոխգործակցության հետագա խթանման անհրաժեշտությունը` նշելով, որ առկա է համագործակցության մեծ ներուժ:
Հյուրերի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդի գործառույթները եւ գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ Հայաստանում տարբեր ոլորտներում Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին:




























