Հայաստանի հաջորդ` չորրորդ նախագահը պետք է լինի զոլավոր, արձագանքելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիտարկմանը, թե ՀՀ հաջորդ նախագահը պետք է «այլ գույն ունենա», հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը:
«Կտրականապես դեմ եմ, որ հաջորդ նախագահը այլ գույն ունենա, նա պետք է լինի զոլավոր: Զեբրի ու վագրի խառնուրդ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 20-ին կատակով հայտարարեց Ռուբինյանը` քիչ անց տալով լուրջ պատասխան: Ըստ այդմ` Հայաստանը պետք է անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի: «Կուզենայի, որ հաջորդ նախագահ կամ չլիներ, կամ էլ լիներ այնպիսի մի ծրագրով նախագահ, որը կհայտարարեր, որ գալիս է իշխանության` երկու տարում սահմանադրական ռեֆորմներ անելու եւ դեպի խորհրդարանական հանրապետություն անցում կատարելու համար: Ահա այդպիսի մի թեկնածուի ես լիաթոք կպաշտպանեի»,-հայտարարեց ՀՀՇ նախկին անդամը: NEWS.am-ի դիտարկմանը, թե գուցե ի՞նքն առաջադրվի որպես նախագահի թեկնածու եւ ի կատար ածի իր պատկերացումները, Ռուբինյանն արձագանքեց, թե` կքննարկի մեր առաջարկը: Նա միաժամանակ հավելեց, որ Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի նախկին եւ ներկա երեք նախագահների եռանկյունուց դուրս:




























