Դժվար է պատկերացնել միջազգային մեկ այլ կառույց, որը կարող է փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին։ Այն բնորոշվում է որպես քաղաքականապես հավասարակշռված, երկարամյա աշխատանքային  փորձով եւ բազմակողմանի տեղեկացվածությամբ։ Այս մասին հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը։

Նրա խոսքով, մտահոգիչ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերն այլ ձեւաչափեր տեղափոխելու փորձերը։ «Հակամարտության կարգավորման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընդունված տրամաբանությունը դրվում է հարվածի տակ։ Միջազգային  կառույցները, որպես կանոն, չեն տիրապետում բանակցային գործընթացի մանրամասներին, քանի որ դրանք ընթանում են գաղտնիության պայմաններում։ Նման իրավիճակում ցանկացած անզգույշ քայլ կամ հայտարարություն գործընթացի վրա կարող են բացասական ազդեցություն թողնել»,- ասաց Կիրակոսյանը։

«Մենք մտահոգությամբ ենք հետեւում ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների աստիճանակարգի սահմանման փորձերին։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ջանքերը»,- ընդգծեց փոխնախարարը։