Տարածաշրջանային եւ միջազգային առեւտրային նախագծերին Հայաստանի ինտեգրման հիմնական խոչընդոտներից մեկը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կրկնակի շրջափակումն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը` «ՀԱՊԿ եւ Հարավային Կովկաս. Տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում:
«Շրջափակման նպատակն էր խեղդել Հայաստանին անկախության առաջին տարիներին, հարուցել էներգետիկ եւ տրանսպորտային ճգնաժամ, ժողովրդի կենսամակարդակի անկում: Սակայն այդ քաղաքականությունը չաշխատեց: Այսօր շրջափաման իմաստը կայանում է նրանում, որ հատվածական պահեն Հարավային Կովկասի տնտեսական տարածությունը, այն խոչընդոտում է այդքան անհրաժեշտ տարածաշրջանային ինտեգրացիային եւ միջազգային կապիտալի ներհոսքին: Ցավոք, Ադրբեջանն ու Թուրքիան այսօր պատրաստ չեն համագործակցել մեզ հետ այդ հարցում»,- ընդգծել է փոխնախարարը:
Արման Կիրակոսյանը նկատել է, որ հակամարտությունը շատ բացասական է ազդում իրավիճակին տարածաշրջանում: «Հակամարտության խաղաղ կարգավորումը առավելագույն չափով միտված է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելուն»,- հայտարարել է փոխնախարարը` հավելելով, որ Հայաստանը շատ լուրջ է մոտենում իր աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական վիճակին:




























