Հայկական ատոմակայանում որեւէ անհանգստացնող բան չկա, կայանն աշխատում է իր սովորական ռիթմով: Այսօր` մայիսի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Անդրադառնալով Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) հովանու ներքո Մեծամորի ատոմակայանում ներկայում անցկացվող ուսումնասիրություններին` Ա. Մովսիսյանն ասաց, որ նրանք ստուգում են ատոմակայանի տեխնիկական վիճակը:

«Նման ուսումնասիրություններ պարբերաբար կատարվում են, այնպես չի, որ անհանգստացած են»,- ասաց Ա. Մովսիսիյանը, խոստանալով, որ հանձնաժողովը 2 շաբաթից կավարտի իր առաքելությունը եւ արդյունքների մասին կտեղեկացնի մամուլի ասուլիսի միջոցով:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, ՄԱԳԱՏԵ-ի հովանու ներքո գործող OSART հանձնաժողովը մայիսի 16-ին ժամանել է Հայաստան` հայկական ատոմակայանի շահագործման անվտանգության ուսումնասիրման համար: